«Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի ծննդատանը երեխա է մահացել։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
«Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 00։55-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը երեխա է մահացել, ինչը եղել է բժշկի մեղքով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում»,- փոխանցեցին ոստիկանությունից։
Դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել նորածնի հայրը՝ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Հ․ Շահվալադյանը։ Նա նշել է, որ կինը՝ 28-ամյա Նարինե Սարգսյանը, ծննդաբերելու ժամանակ իմացել է, որ երեխան մահացել է։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև «Գրիգոր Նարեկացի» հիվանդանոցի տնօրենի, փոխտնօրենի, մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքի, ծննդարանի որևէ պատասխանատու անձի հետ, բայց ապարդյուն։ Ընդունարանից մեզ փոխանցեցին, որ տնօրենն արձակուրդում է։
Մեր զանգերին պատասխանողներն ասում էին, որ իրենք իրավասու չեն պատասխանել որևէ հարցի․ «Ը՜, ազիզ ջան, ես, ը՜, էդ աշխատողը չեմ, որ կարողանամ ձեզ պատասխանել։ Չէ՛, չէ ես չգիտեմ»,- ասաց աշխատակիցներից մեկը՝ անմիջապես անջատելով հեռախոսը։
Սոնա Հարությունյան