Տարածված տեղեկությունները, թե Մանվել Գրիգորյանը մեկնել է Արցախ՝ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
«Նա չի լքել Հայաստանի տարածքը: Ավելին, ես երեկ երեկոյան 23-30-ին հանդիպել և խոսել եմ նրա հետ իրենց տանը, քիչ հետո ևս պետք է հանդիպեմ նրան, այնպես որ՝ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Նա այստեղ է, ոչ մի տեղ չի գնացել: Հայաստանից վիրավորվելու, լքելու խնդիր չունի: Հայաստանը Մանվել Գրիգորյանի պաշտպանած երկիրն է, ինքն էլ Արցախի հերոս է»,- ասաց Մկրտչյանը։
Անդրադառնալով Գրիգորյանի առողջական վիճակին, Մկրտչյանը նշեց՝ ապացուցվեցին այն պնդումները, որոնք ինքը՝ որպես փաստաբան, անում էր.
«Ապացուցվեց, որ կալանքի վերցնելուց հետո նրա առողջական վիճակը վատացել է, քանի որ հիվանդությունները կալանքի պայմաններում հնարավոր չէ բուժել: Ապացուցվեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած տեղեկատվությունը, որ առկա է բացասական դինամիկա: Իսկ կալանքի հետ համատեղելիության հիվանդությունների առկայության մասին հանձնաժողովը դեռ չի անդրադարձել»,- նշեց նա:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։
Սոնա Հարությունյան
Մկրտչյանը հերքեց նաև իր հասցեին հնչող մեղադրանքները. «Կցանկանամ խաղաղություն և համերաշխություն մաղթել հերյուրանքների հավատացող մարդկանց, որոնք մտածում են, թե ես ինձ կարող էի թույլ տալ չճանաչելով՝ ՀՀ քաղաքացու հասցեին հնչեցնել թափթփուկ բառը: Նման բան երբեք չի եղել»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ ինքն իրեն թույլ չէր տա նման արտահայտություն անել:
Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ՝ ընթանում էր գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։ Դատարանը պետք է որոշում կայացներ՝ Գրիգորյանին վերադարձնե՞լ կալանավայր, թե՝ ոչ, սակայն դատական նիստը հետաձգվեց։ Նիստին ներկա չէր Մանվել Գրիգորյանը: