ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հանրությանն առավել հայտնի է Շմայս անունով, Հայաստանում է և չի պատրաստվում լքել հայրենիքը։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Առաքել Մովսիսյանը:
Թե ինչն է նման լուրերի տարածման պատճառը, նախկին պատգամավորը հետևյալ կերպ մեկնաբանեց․ «Երևի շատ են սիրում, դրա համար»։
Անդրադառնալով պատճառաբանություններին, թե Մովսիսյանը Հայաստանում 1,5 մլն դոլարի վարկ ունի, որը փակելու համար վաճառքի էր հանել իրեն պատկանող շուկան և հարսանյաց սրահը, որոնք այդպես էլ չվաճառվեցին և չի բացառվում, որ ԱՄՆ է մեկնել հենց այդ վարկային պարտավորություններից խուսափելու համար, Մովսիսյանը նկատեց․ «Հայաստանում ո՞վ վարկ չունի, որ ես չունենամ։ Վարկի համար հո չե՞ն թողնում- գնում, վարկ ա, փակում ենք էլի, ի՞նչ ա եղել։ Մեր հայրենիքից լավ տե՞ղ։ Ես ոնց կամ՝ տենց կամ, ոչ մի բան էլ չի փոխվել, իմ առօրյա կյանքով ապրում եմ»,- ասաց Մովսիսիյանը՝ նշելով, որ ինքն այստեղից այլ տեղ գնալու խնդիր չունի և շարունակում է զբաղվել բիզնես գործունեությամբ։
Խոսելով օրեր առաջ հրապարակված տեսանյութի մասին, որտեղ նա ԱՄՆ-ի խաղատներից մեկում է, Մովսիսյանն ասաց․ «Նոր տարուն գնացել եմ (մեր տեղեկություններով՝ ամբողջ դեկտեմբեր ամիսը նա ԱՄՆ-ում է անցկացրել), խաղատունն ի՞նչ ա, որ չլինեմ, ամեն տեղ էլ լինում ա, ամբողջ Հայաստանն էլ Լաս Վեգասում ա լինում։ Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։ Էտի նախանցած տարվա նկարներն էին գցել, իսկ էդ նկարողներին էլ խորհուրդ կտայի մինչև վերջ նկարեին»,- նշեց նա, իսկ երբ խնդրեցինք մանրամասնել, թե ինչ նկատի ունի, Մովսիսյանը խոսքը փոխեց․ «Լավ, էտի անցանք, քուրիկ ջան»։
Ինչպես գիտեք, երեկ մեկնարկեց Նոր Հայաստանի ԱԺ-ի 7-րդ գումարման առաջին նիստը։ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է նորընտիր Ազգային ժողովի մասին: «Հայ ազգի համար լավ աշխատանք եմ մաղթում։ Նոր են սկսել, թող աշխատեն՝ կտեսնենք։ Ժողովուրդն ա որոշողը, դիլխոր եղավ՝ կմիանանք ժողովրդին, իրանց հարցերը մենք կլուծենք։ Թե՛ ներկայում, թե՛ նախկինում՝ իմ համար ոչ մի տարբերություն չկա։ Օրենքի տառին համապատասխան, ավելի լավ ձևի եմ ապրում։ Ժողովուրդը հենց սկսի իր ասելիքն ասել, ես էլ իրանց կմիանամ»,- խոսքը եզրափակեց նախկին պատգամավորը։
Սոնա Հարությունյան