Կյանքի 82-րդ տարում մահկանացուն է կնքել արձակագիր, առակագիր, հրապարակախոս, 2007 թ.-ից ՀԳՄ անդամ Իլյիչ Բեգլարյանը։ Այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից:
Իլյիչ Բեգլարյանը ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 14-ին Իջևանի շրջանի Թալա գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ)։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը։
Իլյիչ Բեգլարյանը ստեղծագործել է դեռևս դպրոցական տարիներից, սակայն արձակին ու քնարերգությանը լրջորեն նվիրվել է 1990 թվականից։ Հեղինակ է ազգային-ազատագրական պայքարի հերոսներին ու իրադարձություններին նվիրված և այլ թեմաներով երկու տասնյակից ավելի գրքերի, այդ թվում՝ «Հայդուկներ» (2000), «Մահկանաբերդի արծիվը (Սևքարեցի Սաքո)» (2002), «Դյուցազնապատում (Զորավար Անդրանիկ)» (2010)։
Իլյիչ Բեգլարյանը նաև պետական, հասարակական ճանաչված գործիչ էր։ 1962 թ.-ից մինչև կյանքի վերջը անմնացորդ նվիրվել է հանրապետության արդյունաբերական, մշակութային, ուսումնական հաստատությունների աշխատանքներին. եղել է ՀԽՍՀ Պետմատի նախագահի առաջին տեղակալ, «Հայէլեկտրամեքառ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ։ 2006 թ. Երևանում հիմնադրել է «Զորավար Անդրանիկ» թանգարանը։
Տասնամյակների իր բազմակողմանի և արդյունավետ գործունեության համար Իլյիչ Բեգլարյանն արժանացել է մի շարք բարձր պարգևների, այդ թվում՝ «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանի, «Աշխատանքի վետերան» մեդալի, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Զարավար Անդրանիկ», ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալների։
Վաստակաշատ գրողի, հմուտ տնտեսագետի, պետական-հասարակական գործչի անունը վառ կմնա իր հարազատների, գործընկերների, գրչակիցների և ընթերցողների հիշողության մեջ։
Իլյիչ Բեգլարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժ. 18.00-ից, Նոր Նորքի 5-րդ զանգվածի «Սուրբ Սարգիս» եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ նույն վայրից, փետրվարի 20-ին, ժամը 14.00-ին