90 տարեկանում վախճանվել է ականավոր բանագետ, հայագետ-արևելագետ Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյանը։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից:
Ծնվել է 1928 թ. ժամանակակից Աշոցքի տարածաշրջանի (նախկին՝ Ղուկասյանի շրջան) Ղազանչի գյուղում՝ ծագումով ալաշկերտցի և մշեցի ծնողների ընտանիքում։
1947 թ. Թբիլիսիում ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ս. Հարությունյանն ընդունվում է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը, որտեղ ուսումնասիրում է պարսից լեզու և գրականություն։ 1952 թ. ավարտական թեզ է գրում «Պարսկերենի տարրերը Սայաթ-Նովայի հայերեն խաղերում» թեմայով, որի հավելվածը միայն կազմում էր 500 էջ։ 1956 թվականից՝ ասպիրանտական ուսումնառության շրջանից սկսած, Ս. Հարությունյանի գիտական գործունեությունն ընթացել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, իսկ 1960 թ. նա փոխադրվել է նորաստեղծ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ուր աշխատում էր մինչև իր մահը։
1959 թ. Ս. Հարությունյանը պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայ ժողովրդական հանելուկներ» թեմայով, 1971 թ.՝ դոկտորական ատենախոսություն՝ «Մանուկ Աբեղյան. կյանքն ու գործը» թեմայով։ 1992-2007 թթ. Ս. Հարությունյանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ գիտական գծով փոխտնօրեն էր, 2000 թվականից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ Մինչև իր մահը ղեկավարել է նույն ինստիտուտի Բանահյուսության տեսության և պատմության բաժինը։
Ս. Հարությունյանի բազմամյա հետազոտական աշխատանքը նշանավորվել է մի շարք կոթողային մենագրություններով, որոնք դեռ երկար տարիներ կլինեն յուրաքանչյուր բանագետի, լեզվաբանի, մշակութաբանի և լայն առումով հայագետի սեղանի գրքերը (ինչպես, օրինակ՝ «Հայ ժողովրդական հանելուկներ», 1960 և 1965, «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բնահյուսության մեջ», 1975, «Հայ հին վիպաշխարհը», 1987, «Հայ առասպելաբանություն», Բեյրութ, 2000, «Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ», 2006, ևն)։
1971-1973 թթ. Ս. Հարությունյանի գլխավորած գիտական արշավախումբը ՀԽՍՀ 205 բնակավայրերից գրառել է «Սասնա ծռեր» հերոսավեպի 81 նոր պատում, որոնց մի մասը հրատարակվեց «Սասնա ծռեր» Գ (1979 թ.) և Դ (1999 թ.) հատորներով։ Ս. Հարությունյանի գործուն մասնակցությամբ են կյանքի կոչվել «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» վերտառությամբ միջազգային շարունակական գիտաժողովները (2003-2017)։
Գիտական և գիտա-կազմակերպչական աշխատանքին զուգահեռ՝ Ս. Հարությունյանը երկար տարիներ գլխավորել է «Պատմա-բանասիրական հանդեսի» խմբագրական խորհուրդը (2006-2018), դասավանդել է ԵՊՀ-ում և Հայաստանի այլ բուհերում, բազմիցս եղել է պետական քննական հանձնաժողովի նախագահ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում: Նրա ղեկավարությամբ են պաշտպանել իրենց թեզերը մոտ 20 գիտության թեկնածուներ և դոկտորներ։