Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ուղիղ եթերում անդրադարձել է անչափ կարևոր մի խնդրի. նա, մասնավորապես, վրդովվել է, որ Ծաղկաձորի ճոպանուղին աշխատացնող ինչ-որ ՍՊԸ հրաժարվում է միացնել 4 տեղանոց ճոպանուղին, քանի որ «հերթ չկա»։ «Հանրային բարիքը պետք է լինի հանրային և ոչ թե մասնավոր վերահսկողության տակ»,- ասել է նախարարը և հավելել, որ այս հարցը օր առաջ պետք է լուծվի:

Իրականում, Հայաստանի քաղաքացիները շունչները պահած էին սպասում առողջապահության նախարարի ուղիղ եթերին: Շունչները պահած՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանում վխտող վիրուսային վակխանալիան և պատկան մարմինների անզորությունը որևէ կերպ դրանց դեմն առնել չեն կարողանում, քաղաքացիներին այլ բան չեն թողնում. մնում է՝ շունչները պահած սպասեն ոլորտի պատասխանատուի պատասխանատու հայտարարություններին:

Թվում էր՝ Թորոսյանն ուղիղ եթեր կմտնի խոսելու՝ հենց իր ոլորտում կուտակված խնդիրների լուծումներից՝ հիվանդանոցներում հերթեր են, ցավալի է, բայց փաստ՝ նորածինների մահացության մակարդակը հասել է կրիտիկական մակարդակի և այլ բազմաթիվ՝ օր առաջ լուծման սպասող հարցեր: Թվում էր, որ հենց այդ հարցերի լուծումը պետք  է առավելապես հետաքրքրի ոլորտի պատասխանատուին, բայց արի ու տես՝ նրա համար այսօր գերխնդիր է ոչ թե, օրինակ, բուժսպասարկման որակի բարձրացումը, այլ ճոպանողու «դարդն ու ցավը»:

Ս.Խաչատրյան