«Որքանով ես տեղյակ եմ՝ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով»:
Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով մարզպետների՝ իրենք իրենց պարգևատրելու վերաբերյալ հարցին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Նրանք չեն գերազանցել իրենց լիազորությունները, գործել են այնպես, ինչպես օրենքը թույլատրում է օրենքը և եթե խոսում ենք պարգևատրումներից, ապա պետք է նշենք, որ այդ պարգևատրումները տեղի չեն ունեցել միայն մարզպետարաններում, այլ եղել են հենց նույն Ազգային ժողովի նախորդ գումարման շրջանում: Այսինքն, պատգամավորները նույնպես պարգևատորւմներ ստացել են: Եվ եթե ունենք նույն մոտեցումը, մենք պետք է հասկանանք՝ այսինքն՝ մի կառույցի դեպքում դա ընդունում ենք, մյուս կառույցների դեպքում՝ ո՞չ»,-ասաց Մակունցը:
Խոսելով պարգևատրումների մասին` Մակունցը նշեց. «Անկեղծ ասած չգիտեմ, օրենքը ինչ է թույլ տալիս, ինչ հաճախականությամբ են կատարվում պարգևատրումները, այստեղ հիմնական խնդիրը ցածր աշխատավարձերն են, և լավագույն աշխատողները տարվա ընթացքում խրախուսման և պարգևատրման կարիք ունեն»:
Ինչ վերաբերում է, որ մարզպետն ինքն իրեն պարգևատրում է նշանակել, Մակունցը նշում է, որ օրենքը դա թույլ է տալիս:
«Այլ հարց է, որ եթե մենք գտնում ենք՝ պետք է սահմանափակել պարգևավճարները և մարզպետներն ու պետական կառույցի ղեկավար մարմինները չպետք է իրենց պարգևատրեն, ուրեմն պետք է համապատասխան ձևով օրենքում տեղ գտնի այդ դրույթը»,-ասաց Մակունցը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մեկ օրում երկու անգամ դրամական պարգևատրմամբ ինքն իրեն խրախուսել է: