Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկները, դրանց իրականացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև քննարկվել են առաջիկա անելիքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոլորտի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել նախորդ հանդիպման արդյունքում փաստաթղթային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված գործողությունների առնչությամբ. մասնավորապես, կրճատվել է ալմաստների ներմուծման և արտահանման ժամանակ Քիմբերլի գործընթացի հավաստագրերի հաշվառման և տրամադրման ժամկետը (նախկինում 3 օրվա փոխարեն` 1 օր):
Տնտեսվարողները նախարարի հետ քննարկել են իրենց հուզող մի շարք հարցեր․ ալմաստի հումքի մատակարարում, ոսկերչական իրերի արտահանման շուկաների ընդլայնում և այլն։ Հանդիպման ընթացքում անդադարձ է եղել նաև ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի և ՏԶՆՆ-ի կողմից իրականացվող ընթացակարգերի ներդաշնակեցմանը։ Նախարարը ներկաների հետ քննարկել է նաև ԵԱՏՄ-ում հարգադրոշմների փոխճանաչման գործընթացի ավարտական փուլի մանրամասները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական հանդիպումներ կազմակերպել առանձին խմբերով՝ ըստ հետաքրքրությունների շրջանակի և առաջացած խնդիրների՝ դրանց հետևողական կարգավորման նպատակով։