Հայաստանում առաջին անգամ պետպատվերի շրջանակում արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Պետպատվերի շրջանակում ուռուցքաբանության համար ավելացվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժումը, որը մինչ այժմ չի եղել: Եղել է միայն գամմա կամերաներով ճառագայթային բուժում 200 քաղաքացիների համար»,-ասաց Թորոսյանը:
Նա նշեց, որ արագացուցիչներով ճառագայթային բուժման ամեն կուրսն արժի ավելի քան 1 մլն դրամ: «Ճառագայթային այս բուժումն առաջին անգամ Հայաստանում արվելու է պետպատվերի շրջանակում»,-շեշտեց նախարարը:
Նախարարը հայտնել էր նաև, որ այս տարի նախարարությունը 700 միլիոն դրամով ավելի է նախատեսել ուռուցքաբանական ծառայությունների համար: Դրա շնորհիվ մի շարք հիվանդանոցներում չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը պետությունը փոխանցելու է ամբողջությամբ: