Հունիսի 27-ին Մատենադարանում տեղի կունենա Հայաստանում միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ «Orion Summit 2022»-ը, որը կազմակերպել է ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Orion Worldwide Innovations»-ը:
«Orion Summit 2022»-ը Երևանում մեկ հարթակում կհամախմբի ապագա միլիարդանոց (միաեղջյուր/unicorn) ընկերությունների հիմնադիրներին, որոնք իրենց հաջողության պատմությունը կներկայացնեն՝ մոտիվացնելով երիտասարդ ստարտափերներին։ Որպես Հայաստանի ստարտափ էկոհամակարգի արագ զարգացման կարևոր խթան, առաջին անգամ կքննարկվի նաև միաձուլումների և ձեռքբերումների (M&A) թեման։
Գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է հայտարարել նաև Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի) մասին, որը համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնություն է։ Նպատակը՝ աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի տնտեսական ու մտավոր դիրքավորման համար հզոր ցանցի վերստեղծումն է:
«Նոր Ջուղայի հայ վաճառականների 300-ամյա հզոր ցանցն առևտրային կարևոր ուղղություն էր Հնդկական օվկիանոսից մինչև Միջերկրական ծով: Այժմ, որպես նորարարության համաշխարհային մակարդակի էվոլյուցիա, մենք ստեղծում ենք Digital Julfa ցանցը, որը կհամախմբի տեխնոլոգիական, ֆինանսական, գործարար, իրավական ու մշակութային հայկական ներուժը»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն, «BAJ Accelerator»-ի համահիմնադիր Էմմա Առաքելյանը։
«Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանն էլ ընդգծել է, որ գագաթնաժողովը հայաստանյան էկոհամակարգի համար կարևոր է:
«Այն եզակի է unicorn-ների հիմնադիրներին լսելու հնարավորության առումով: Միջոցառման կազմակերպմանը կարող են միանալ տեխնոլոգիական, բանկային և այլ ոլորտների ընկերություններ՝ առաջարկելով բանախոսներ, հովանավորչական փաթեթներ, մասնակցել աշխատանքի տոնավաճառին»,-նկատել է նա:
«Orion Summit 2022»-ի շրջանակում տեղի կունենա նաև աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում 15-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններ երիտասարդ մասնագետներին կառաջարկեն որակյալ աշխատատեղեր։