Երեկ մեր հրապարակումներից մեկում անդրադարձ էինք կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագծին, որով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար սահմանափակվելու է շրջանառության հարկով համակարգում աշխատելը և վերջիններս ստիպված են լինելու աշխատել ԱԱՀ դաշտում:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, փաստաբան Գևորգ Դավթյանը, մեկնաբանելով տեղի ունեցող փոփոխությունները, նշեց, որ նախկինում նման փորձեր կատարվել են, որպեսզի փաստաբանները, հաշվապահները, խորհրդատվական ծառայություններ մատուցողները ավելացված արժեքի հարկով հարկվեն. «Իրականում, դրա հետ կապված՝ լուրջ խնդիր ունենք. նախ, այդ իրավախարհրդատվական ծառայությունները երբ տեղափոխվում են ԱԱՀ, ստացվում է, որ պետք է վճարվի նաև շահութահարկ, որը կազմում է 20 տոկոս: Իրավաբանական ծառայություն մատուցողը պետք է շատ լուրջ  հաշվապահություն անի կամ օգտվի ծառայություններից: Ստացվում է՝ նա իր ամբողջ շրջանառությունը, իր ծախսերը պետք է կարողանա  հստակ ամրագրել, պետք է գործը թողած՝ զբաղվի այդ գործով, որպեսզի կարողանա վերջում ցույց տալ մաքուր շահույթը և դրանից հարկերը հաշվեն»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ սա խոցելի է դարձնում իրենց համայնքին:

Դավթյանի կարծիքով, խնդիրը ծառայությունների հետ է կապված, քանի որ հարկատեսակի հետ նաև ծառայությունների արժեքն է բարձրանում. «Այդ ծառայություններն ինքնըստինքյան պետք է բարձրանան կամ մարդիկ պետք է  ստիպված այդ ծառայություններից չօգտվեն: Բայց դրանք այն ծառայություններն են, որոնցից շատ անգամ ծայրահեղ դեպքերում են ստիպված օգտվում մարդիկ: Այսինքն, այստեղ բողոքի դժգոհության մեծ ալիք է բարձրանալու, քանի որ ծառայությունների արժեքից 30-40 տոկոս ավելացում է սպասվում: Հիմնական խնդիրն այն է, որ այս փոփոխությունները բերելու են շատ լուրջ թանկացման, որը ոչ ոքի ձեռնտու չէ»: 

Այդ ծառայություններից օգտվողներն, ըստ փաստաբանի, անպաշտպան են մնալու, քանի որ նրանց ծառայություններից օգտվում են հիմնականում ցածր և միջին խավի մարդիկ, որոնց իրավունքները խախտվում են: 

Այստեղ Դավթյանը մեկ այլ կարևոր խնդիր է բարձրաձայնում՝ դրույթն ընդունվելու դեպքում իրավաբանական ծառայությունները ստիպված կա՛մ սկսելու են ստվերում աշխատել, կա՛մ չեն հայտարարագրելու, կամ թերի են հայտարարագրելու իրենց եկամուտները, որն էլ շատ դժվար է լինելու բացահայտել. «Այսինքն՝ մենք ոչ թե առաջ ենք գնում, այլ՝ հետ»:

«Այնպես պետք է անենք, որ ծառայություններն օրենքով ամրագրվեն, բյուջեում համապատասխան գումար մուտք լինի, իրավաբանական ծառայություններն էլ կարողանան օրենքով աշխատել ու խոցելի չլինել, որովհետև  ցանկացած ժամանակ, եթե դու խնդիր ունես պետության հետ՝ հարկային վճարումների համար, դու նաև խոցելի ես դառնում»:

Փաստաբանը նշեց, որ ըստ էության, փոքր շրջանառություն ունեցողների վրա նման փոփոխություններն ազդեցություն չեն ունենալու, այսինքն՝ չեն զգալու այդ բեռը: Խոսքը վերաբերում է 24 մլն-ից ավել շրջանառության դեպքում: Փաստաբանը նաև նշեց, որ այդ դեպքում նրանք հայտնվում են թիրախում և կարող են օրենքի սահմանադրականության հարցը վիճարկել. «Որովհետև դա բավականին լուրջ խտրական մոտեցում է առաջացրել, ինչո՞ւ, օրինակ, իրավաբանական ծառայությունները պետք է չօգտվեն շրջանառության հարկից, ո՞րն է տարբերությունը, հիմքը ո՞րն է: Սովորաբար, ԱԱՀ վճարումները բավականին մեծ շրջանառություն ունեցողներն են: Փաստաբանական ծառայություններն ունեն առանձնահատկություն. այդ ծառայություններից օգտվում են հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները»:

Դավթյանը նաև նշեց, որ փաստաբանական ծառայությունները, ինչպես նաև հաշվապահական և խորհրդատվական ծառայություններն արդեն իսկ համախմբվել են այդ հարցի շուրջ և իրենց ձայնը բարձրացնելով, արգելելու են, որ նման նախագիծը կյանքի կոչվի:

Փաստաբանն ամփոփելով, նշեց, որ փաստաբանական համայնքը դրա մասին նոր է տեղեկանում. «Թեպետ Ֆինանսների նախարարությունը կարող է ասել, որ մեկ տարի շրջանառության մեջ է, շրջանառության մեջ դրվելով, պետք է հստակ կազմակերպվի քննարկում: Նրանք փոփոխություն են անում, մենք չենք հասկանում փոփոխության նպատակը, հիմքը որն է: Հիմնականում, կարծես համահարթեցում տեղի ունենա, որից ժողովորդն է տուժում: Մարդը ցանկանում է իրավաբանական ծառայությունից օգտվել, որի գներն առանց դրա էլ ցածր չեն»:

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ