Երեւանում, հունվարի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 02։50-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի կենտրոն վարչական շրջանում գործող բուքմեյքերական կենտրոնի նկուղային հարկ է մեկնել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված բուքմեյքերական կենտրոնի գանձապահ 55-ամյա Հասմիկ Ճ.-ն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում եւ գլխի հատվածում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։50-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ներս է մտել նշված կենտրոն, հարձակվել գանձապահի վրա, դաժան ծեծի ենթարկել, որից հետո դրամարկղից գողացել է 1 մլն 85 հազար դրամ եւ դիմել փախուստի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ ի վիճակի չէ կատարվածի մասին հաղորդում տալու։ Աղբյուրի տեղեկություններով՝ ճիվաղի կողմից կնոջը դաժան ծեծի ենթարկելու եւ դրամարկղից գումարը գողանալու պահը ֆիքսվել է տեսախցիկով։ Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ տականքին հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները՝ Shamshyan.com-ում։