Երեւանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի եւ կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ձեւավորել առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք հասանելի կլինեն բոլորին, եւ հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները:

«Բյուջեն պատկանում է հենց բնակիչներին, եւ իրենք էլ կտնօրինեն այն: Մեր նախընտրական ծրագրի  հիմնական եւ գլխավոր կետերից մեկն ուղիղ ժողովրդավարութունն էր, որը պետք է սկսենք իրականացնել: Մեր քաղաքացիներին հնարավորություն կտանք, որ իրենք եւս տնօրինեն բյուջեն եւ ծրագրեր առաջարկեն: Այդ նպատակով այս տարի բյուջեից կտրամադրվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Այսինքն՝ Երեւանի բնակիչներն իրենք կորոշեն, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել այդ գումարով: Պետք է նաեւ կազմակերպել օնլայն հարթակ, որի միջոցով կներկայացվեն առաջարկները: Իհարկե, առաջարկներ կընդունենք նաեւ ավանդական նամակներով: Ծրագրերի մշակումից հետո կընտրվեն եւ կիրականացվեն քաղաքացիների ներկայացրած այն առաջարկները, որոնք կարժանանան հենց բնակիչների ամենաշատ հավանությանը» ,- ընդգծել է Հայկ Մարությանը: