«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 29-ին տեղի ունեցած զինված միջադեպի արդյունքում Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տեղափոխված 3 վիրավորներից երկուսը վիրահատվել են: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը։
Նշենք, որ 29-ամյա Աշոտ Ասատրյանը, 25-ամյա Հայկ Մանուկյանը և 32-ամյա Ռոմեն Հարությունյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։
«Վիրավորները երեկվանից դինամիկ հսկողության տակ են գտնվում, նրանց վիճակը կայուն է, հետվիրահատական շրջանն անցնում է հարթ, առանց բարդությունների։ Կատարվել է կրծքավանդակի, որովայնի և ոտքի վիրահատություն»,-փոխանցեց Մանուկյանը՝ նշելով, որ հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ Ռոմեն Հարությունյանը Մելիք Մանուկյանի քրոջ որդին է, իսկ Հայկ Մանուկյանը՝ եղբորորդին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում, կան վիրավորներ: Պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ։
Հիվանդանոցներ են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 7 երիտասարդներ, որոնցից մեկը եղել է մահացած։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Գործի շրջանակներում ձերբակալվել է Աբովյան քաղաքի բնակիչ։ Նշենք, որ «Պարտեզ» ռեստորանը պատկանում է Մելիք Մանուկյանին (Շշի Մելո)։