Եթե ոստիկանը չի արձագանքել, ապա նա ենթարկվել է համապատասխան կարգապահական պատասխանատվության: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբաններն ահազանգել էին, որ նրա մեքենային հարվածելու ժամանակ այդտեղ ոստիկան է եղել և չի արձագանքել:
«Իհարկե, ցանկացած իրավախախտում, որ ցուցաբերվում է ոստիկանների կողմից՝ համարժեք արձագանքը պարտադիր տրվելու է և տրվում է: Հնարավոր է, որ ոստիկան է եղել ներկա և այդպիսի գործողություն են թույլ տվել: Եթե ոստիկանը չի արձագանքել, ապա նա ենթարկվել է համապատասխան կարգապահական պատասխանատվության: Եթե այդ դեպքը լուսաբանվել է լրատվամիջոցներով, ապա ոստիկանությունն անպայման արձագանքել է և այդ արձագանքը չի ուշացել՝ անկախ նրանից, թե որ ցույցի ժամանակ է դա տեղի ունեցել»,-ասաց Ղուկասյանը:
Նույն հարցին անդրադարձավ նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով. «Երբեմն որոշ անհատներ սոցցանցերում պահանջում են ոստիկաններից լինել ավելի կոշտ, համապատասխան գործողությունների դիմել, բայց եկեք ընդունենք, որ ոստիկանն իր ցանկացած գործողություն պետք է անի օրենքի սահմաններում: Կոնկրետ արարքը կոնկրետ իրավիճակում կոնկրետ գործողություն է պահանջում:
Շատ հաճախ սիրողական մակարդակով գնահատականներ են հնչեցվում, որ պետք է բռնեին, տանեին, այդպես չէ: Ցանկացած ահազանգ ոստիկանությունում քննության առարկա դառնում է: Այդ առումով մենք շնորհակալ ենք, որ խնդիրներ են բարձրացնում: Բայց լինում են դեպքեր, երբ օգտատերը առանց որոշակի գիտելիքների՝ պահանջում է ոստիկանից ավելին, քան օրենքը նրան թույլ է տալիս»: