ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն իր անունով 2 թոռ ունի եւ 1 սանիկ, ովքեր ցանկանում են նմանվել նրան: Այս անգամ SHAMSHYAN.com-ը զրուցեց նրա դստեր որդու' Մանվելի հետ, ով երազում է գեներալ դառնալ, շարունակել պապի կիսատ գործը եւ թույլ չտալ, որ թշնամին հոխորտա մեր սահմանին, իր ձեւով փոխել քաղաքն ու երկիրը: Պատմում է նաեւ այն մասին, թե ինչու հաճախ չի բարձրաձայնում, թե ինքը ում թոռն է, կռիվների ժամանակ, երբ իմանում են, ինչ են ասում, ինչու է «1» գնահատականի պատճառով հարվածային դարձել եւ թույլ չի տվել, որ մայրը միջնորդի տնօրինությանը, որտեղ են գնալու հանգստանալու եւ ավելին: Մանվել Պողոսյանը ընտանիքի փոքրն է եւ իրենց, բացի քույր եւ եղբայր ունի:
-Մանվել ջան, ու՞մ անունով են քեզ կոչել:
-Իմ պապիկի' գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի: Ես էլ իմ հերթին գիտակցելով իմ անունի պատասխանատվությունը՝ ամեն ինչ անում եմ, որ նրա անունը բարձր պահեմ:
-Իսկ մյուս պապիկդ չի՞ նեղվում, որ փորձում ես նմանվել մորական պապիդ:
-Չէ, ինչի՞ պետք է նեղվի: Պապիկը մնում է պապիկ, բայց ոչ բոլորն են, որ Մանվել Գրիգորյանի նման անցյալ ունեն:
-Ծնողներդ ինչո՞վ են զբաղվում:
-Մամաս դատավոր է, իսկ պապաս՝ «Ասֆալտ» գործարանի տնօրենը: Ունեմ նաեւ ինձանից փոքր քույր եւ եղբայր:
-Գիտեմ, որ քեռուդ տղային էլ են Մանվել կոչել: Մրցակցություն չկա՞ ձեր միջեւ:
-Չէ, ի՞նչ մրցակցություն: Յուրաքանչյուրս մեր չափով ենք փորձում մեր պապիկի անունը բարձր պահել եւ արժանի հետնորդ դառնալ: Հետո՝ մենակ մենք չենք Մանվել: Պապիկիս սանիկի անունը եւս պապիկիս անունով են դրել: Մանվելչոյին էլ հարցեր տուր: (Զրույցին միջամտում է նաեւ Մանվել Գրիգորյանի մյուս թոռը' Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որդին' Մանվել Գրիգորյանը): Մենք ամեն ինչով էլ փորձում ենք նմանվել մեր պապին:
-Մանվել ջան, ի՞նչ ես ուզում դառնալ եւ ինչո՞վ նմանվել պապիկիդ:
-Ուզում եմ պապիկիս նման ուժեղ լինեմ եւ գեներալ դառնամ: Իսկ, երբ, Աստված մի արասցե, թշնամին հարձակվի մեր սահմանի վրա, մենք էլ մեր ձեւով պաշտպանենք: Մեր պապիկների, մեծերի կռվածը պահենք եւ չթողնենք, որ թշնամին վերցնի մեր ձեռքից: Իսկ այն, ինչ իրենք չեն հասցրել հետ վերադարձնեն, մենք հետ վերցնենք:
-Պապիկիցդ ի՞նչ խորհուրդ կառանձնացնես:
-Դե, հաճախ է ասում, որ վերեւում Աստված է, ներքեւում՝ ձեր մայրը, ու միշտ խորհուրդ է տալիս մեր սրբությունները պահել ու պաշտպանել:
-Իսկ ե՞րբ է քեզ գովել եւ ջղայնացել:
-Պապիկի կողմից գովեստի եմ արժանանում, երբ մրցումներում հաղթում եմ, օրինակ, երբ թեքվանդոյի մրցույթում հաղթեցի: Իսկ երբ երեխաներով կռվում ենք, ջղայնանում է: Ասում է. «Եթե դուք ախպերներով կռվում եք, ուրեմն հայ չեք»: Միշտ կրկնում է, որ ոչ թե իրար մեջ, այլ թշնամիների դեմ կռվենք: Դե, դա մի քանի տարի առաջ էր՝ խաղալիքի համար կռվում էինք: Հիմա ոչ թե խաղալիքի համար կռիվ ենք անում, այլ պապիկի խորհրդով ենք առաջնորդվում: Բայց, որ պատժի, հարվածի կամ տնային կալանքի ենթարկի, նման բաներ չկան: Նրա խոսքը մեր համար արդեն բավական է:
-Իսկ կառանձնացնե՞ս պապիկիցդ ստացված ամենարժեքավոր նվերը եւ քո կողմից նրան տրված նվերը:
-Պապիս միշտ էլ մեզ նվերներ անում է, բայց նրա կողմից ամենաթանկ նվերը, դա իր ջերմ պահվածքն է: Իսկ ես իմ մեդալներն եմ նրան նվիրում:
-Իսկ ինչքանո՞վ է ձեզ օգնում կամ խանգարում Մանվել Գրիգորյանի թոռը լինելու հանգամանքը:
-Մեզ դա միայն օգնում է: Բայց իմ շրջապատում շատերը նույնիսկ չգիտեն, թե ես ում թոռն եմ: Ես չեմ ուզում այդ մասին այստեղ-այնտեղ բարձրաձայնել: Ինձ դա պետք չէ:
-Կհիշե՞ս մի դեպք, երբ չեն իմացել, թե ում թոռն ես, իրենց լավ չեն պահել, իսկ երբ իմացել են, զղջացել են իրենց պահվածքի համար:
-Հա, նման դեպքեր եղել են: Այդ տղաները հիմա իմ ընկերներն են: Իրար հետ, երբ ծանոթանում էինք, չգիտեին, թե ես ով եմ: Խոսքի ընթացքում ասացին. «Մանվել, խի՞ քեզ նորմալ չես պահում մեր տարածքում»: Դե, ես էլ բացատրեցի, որ այս տարածքում իմ ու քոնը չկա, քանի որ բոլորինս է: Իրար հասկացանք, անցավ, գնաց: Բայց հաջորդ օրը եկել, ասում են՝ կներես: Գնացել, հետաքրքրվել էին իրար մեջ, իմացել էին, թե ում թոռն եմ: Մենք քաղաքում հանգիստ շրջում ենք, գնում խաղալու եւ այլն եւ այլն: Ֆուտբոլ էլ ենք խաղում, չլիկդաստա, վոլեյբոլ, պահմտոցի, բռնոցի եւ այլն եւ այլն:
-Իսկ ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ:
-Դե, դեռ սովորում եմ 6-րդ դասարանում: Պատանի ԵԿՄ-ական եմ: Թեքվանդոյով էլ եմ զբաղվում եւ կիթառ նվագում:
-Պատահե՞լ է , որ դպրոցում իմանալով, թե ում թոռն ես, քեզ ինչ-որ հարցերում ընդառաջեն կամ ծնողներդ ինչ-որ հարցով փորձեն միջնորդել տնօրինությանը:
-Չէ, նման բան չկա: Մինչեւ այս տարի գերազանցիկ եմ եղել: Իսկ քույրս մինչեւ հիմա էլ գերազանցիկ է: Այս տարի բնագիտությունից «հարվածային» ստացա: Մամաս ուզում էր զանգեր, որ գնայի, նորից քննություն տայի, բայց ես չթողեցի: Ասացի, որ մյուս տարի կգնամ, կշարունակեմ:
-Իսկ պատահե՞լ է, որ ինչ-որ մեկը քեզ օգնության դիմի եւ դու օգնես:
-Աստված ասում է, որ մի ձեռք տալիս է, մյուսը թող չիմանա: Բայց մի օրինակ կառանձնացնեմ, քանի որ ցանկանում եմ, որ ոչ մի ընտանիքում նման խնդիր չլինի: Մի ընկեր ունեմ, որ հաճախ է ընդմիջումներին գումար խնդրում, բայց երբ բերում է, հետ վերադարձնի, չեմ վերցնում: Բայց խոստացել էիր, չէ՞, որ պապիկի սանիկին՝ Մանվելչոյին էլ ես հարց տալու:
Մանրամասն'shamshyan.com-ում