Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանին և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանին։ Ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում է տարածել.

«Երեկ տեղեկացրել ենք, որ ոստիկանության պետի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի պետերը:

Ոստիկանությունում կադրային տեղաշարժերն ու փոփոխությունները մշտական գործընթաց են, ինքնանպատակ չեն և արվում են կոնկրետ ոլորտներում կոնկրետ ծառայողական խնդիրներ լուծելու համար՝ ուղղված իրավապահ գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Տվյալ դեպքում պաշտոնյաների ազատումը պայմանավորված է նաև օրեր առաջ մարզում տեղի ունեցած՝ հնչեղություն ստացած միջադեպով, որին մասնակցել էին մի քանի անձինք, և, ցավոք, մահվան դեպք էր արձանագրվել:
Ոստիկանությունը հետևողական է բոլոր միջոցներով, այդ թվում և կադրային արդյունավետ քաղաքականության միջոցով ակտիվացնելու կանխարգելիչ աշխատանքները՝ հանրային վտանգ ներկայացնող միջադեպերը բացառելու համար»: