«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանյան եթերային դաշտը վերակազմակերպման փուլում է: Տեւական ժամանակ խոսում էին, որ վաճառվում է Հ 3 հեռուստաընկերությունը, սակայն մեզ պատասխանեցին, որ նման մտադրություն չունեն, բայց հնարավոր է` տան «կառավարման»: 5-րդ ալիքի վերածված «Արարատ» ՀԸ-ն լրջորեն վերազինվում է։ Ոմանք չեն բացառում, որ միակողմանի, կողմնակալ «լուսաբանման» համար հեռուստաընկերությունը «սանկցիաների» ենթարկվի ՀՌԱՀ-ի կողմից, որի նախագահ ընտրվեց «Հայք» թերթի նախկին խմբագիր Տիգրան Հակոբյանը։ ՀՀԿ-ի «սեւ» շենքում գտնվող TV 5-ը վերազինվելուց հետո կտեղափոխվի նոր, վերանորոգված տարածք` «Էրեբունի պլազա»։
Քոչարյանի անվան հետ կապված լրատվական «կայսրությունը» հավաքվում է մի տանիքի տակ: Մինչեւ ամսվա վերջ իր գործունեությունը կսկսի նաեւ տեխնիկայի վերջին խոսքով վերազինված եւ սփռման դաշտը մեծացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, որը պատրաստվում է միայն լրահոս ապահովել (լիցենզիայում գրված է բացառապես այդ գործառույթը)` CNN-ի «տրամաբանությամբ»։ Այսինքն` ժամը մեկ պարբերականությամբ, 24-ժամյա եթերով: Հիշեցնենք` այդ աշխատանքներն իրականացնում է ՀՀԿ-ից պոկված նախկին պատգամավորների «Քառյակը»՝ Սամվել Ֆարմանյան, Կարեն Բեքարյան, Արման Սաղաթելյան, Միհրան Հակոբյան կազմով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում