Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Հանրապետությունն աշխատանքներ է իրականացնում ռուսաստանյան արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու ուղղությամբ։ Այսօր արդեն  ռուսական «Կոմերսանտ»-ը հայտնում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ Սու-30ՍՄ 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը կստանան 2020 թվականին: Կործանիչները հայկական կողմին տրամադրվում են ռուսական վարկով և  ռուսաստանյան ներքին գներով:

 

Պետք է նկատենք, որ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքան էջում լուսանկար հրապարակեց Սու-30ՍՄ կործանիչի խցիկից՝ գրելով․ «Սու-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ։

Այնուհետև «Կոմերսանտ»-ը 2018 թվականի հունիսին հոդված էր հրապարակել՝ «Հին գործարք՝ նոր վարչապետի համար» վերնագրով։ Լրատվամիջոցը հայտնում էր, որ Հայաստանում իշխանափոխությունից առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հետաձգել է ռուսաստանյան Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերման հարցը մինչև 2024թ․։ Ըստ լրատվամիջոցի՝ գործարքը կնքվել էր 2012 թվականին, սակայն ուժի մեջ չէր մտել պատվիրատուի ֆինանսական խնդիրների պատճառով։ Սակայն նոր իշխանության օրոք շաբաթն ուրբաթից շուտ եկավ և նախատեսված 2022 թվականի փոխարեն 2020 թվականին Հայաստանը Ռուսաստանի հետ Սու-30ՍՄ  4 բազմաֆունկցիոնալ կործանիչ ձեռք կբերի։

Այս ամենի մեջ չենք կարող չնկատել, որ ձևավորված ավանդույթի համաձայն, Ռուսաստանը գուցե շտապի տարածաշրջանում բալանսը պահել և Ադրբեջանին համապատասխան կործանիչներ առաջարկել՝ ինչպես եղավ Երևանին «Իսկանդեր»-ի մատակարարման դեպքում, երբ Բաքուն ի պատասխան դրա գնել էր բելառուսական «Պոլոնեզ» համալիրներ։ 

Այնուամենայնիվ, Հայաստանի համար Սու-30ՍՄ  4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելը չափազանց կարևոր է և այսօր կարևոր է առանձնակի ուշադրություն դարձնել զորքերի տեխնիկական ապահովմանը և սպառազինությանը։

Նշենք, որ Սու-30 ինքնաթիռը հիանալի է իրեն դրսևորում մոտիկ մարտերի ժամանակ: Հզոր, երկկոնտուրային տուրբոռեակտիվ շարժիչների շնորհիվ է, որ ունի բարձր քարշազինվածություն, վառելիքի մեծ պաշար: Կործանիչի կարևոր հատկանիշներից է ճկունությունը: Այն ստեղծված է թռչող թև սխեմայով, ինչը, լավ աերոդինամիկայի շնորհիվ, ինքնաթիռին հնարավորություն է ընձեռում փայլուն խուսավարելիություն ապահովել: Ի տարբերություն Սու-27 կործանիչի` Սու-30 կործանիչն ընդունակ է մարտական գործողություններ վարել ավելի մեծ հեռավորությունների վրա` միևնույն ժամանակ հրամանատարական կետ հանդիսանալով այլ ինքնաթիռների համար: Նոր ռադիոլոկացիոն, համակարգչային լուծումների և նոր հրթիռների շնորհիվ է, որ մարտական առաջադրանքներ կատարելիս մեծացել է կործանիչի արդյունավետությունը: Մի քանի զորավարժությունների ժամանակ այս կործանիչներն օդային ուսումնական մարտերում հաղթել են ամերիկյան և եվրոպական կործանիչներին, ինչը հիմք է ծառայել, որպեսզի արագացվի F-22 կործանիչների արտադրությունը: