«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ես չեմ ների մեր հեղափոխության արժեքների դավաճանությունը», – ասել է Փաշինյանը ռուսական РБК–ին տված հարցազրույցում: Հնչում է բավական ազդեցիկ: Մանավանդ, որ ցանկացած հեղափոխական առաջնորդ հանդիսանում է նաև հեղափոխության արժեքների պահապան, մանավանդ, որ ցանկացած հեղափոխություն ենթադրում է որոշակի արժեքային նորմեր, որոնք էլ տարբերակում են հեղափոխությունը սովորական քաղաքական իրավիճակից:
Վերջին օրերին շատերը փորձում են գտնել դավաճաններ իշխանության ներսում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի տված բանաձևի: Ոմանք գտնում են, ոմանք էլ, մտքում ունենալով առանձին անցանկալի անձանց, փորձում են նրանց տեղավորել դավաճան պիտակի տակ: Սակայն Փաշինյանի ներկայացրած ֆորմուլան ինչքան էլ գեղեցիկ հնչի, ունի մեթոդաբանական բաց: Այն չի սահմանում, թե որոնք են հեղափոխության արժեքները: Հետևաբար, եթե չկա այդ արժեքների սահմանումը, դժվար է ասել նաև, թե ովքեր են դրանց դավաճանողները:
Անշուշտ, կարելի է պնդել, որ կարիք չկա երկար խորանալ, հեղափոխության արժեքներն առանց այդ էլ պարզ են՝ հակակոռուպցիոն պայքար, ազնվություն, արդարություն, նոր Հայաստան, հպարտ ժողովուրդ, ամեն ինչ լավ է լինելու: Բայց նույնիսկ եթե մի կողմ դնենք թվարկվածների՝ առավելապես կենաց հիշեցնող բովանդակությունը, որևէ ընդհանուր արժեք, այնուամենայնիվ, ուրվագծել հնարավոր չէ, չկա որևէ ընդհանրական անվանում: Օրինակ, սոցիալիստական մեծ հեղափոխության արժեքները հստակ սահմանված էին, անկախ այն հանգամանքից՝ սահմանողները դրանց հավատում էին, թե ոչ: Բայց նույնիսկ հազարավոր գնդակահարություններն, օրինակ, արվում էին այդ արժեքների դավաճանության մեղադրանքով:
Որո՞նք են հայաստանյան հեղափոխության արժեքները, ըստ որոնց կարելի կլինի դատել կամ պարգևատրել մարդկանց, առանձնացնել դավաճաններին ու հավատարիմներին:
Գուցե անհարկի է համեմատել փոքր Հայաստանում տեղի ունեցածը այլ, ավելի մեծ հեղափոխությունների հետ, հետևաբար դժվար է նաև համեմատել արժեքային բաղադրիչները: Մանավանդ, որ հայաստանյան հեղափոխությունը հենց հայաստանյան էր, առանց աշխարհակալության որևէ ամբիցիայի: Եվ գուցե այս իմաստով կարիք կա իջեցնելու շեմը, օրինակ, արժեք բառը փոխարինելով օրակարգով կամ կոնցեպտով, կամ նախագծով: Ո՞րն է հայաստանյան հեղափոխության օրակարգը:
Նախահեղափոխության օրակարգը «մերժիր Սերժինն» էր ու այն լիովին ընդունվեց հասարակության կողմից, այդ օրակարգն առաջ քաշողներն էլ իրացրեցին այդ օրակարգը: Բայց, թե որն է արդեն հաջողված հեղափոխության օրակարգն, անհայտ է: Կան շրջանակներ, որոնք պնդում են, որ հեղափոխության օրակարգը մի քանի կետերից բաղկացած փաստաթուղթ է, որն ընդունել է նաև Նիկոլ Փաշինյանը: Խոսքը նոր ԸՕ–ի, անցումային արդարադատության, ուղիղ ժողովրդավարությանը վերաբերող փաստաթղթի մասին է: Իշխանություններն էլ պնդում են, որ իրենք կատարել են իրենց ստանձնած պարտավորությունները, այսինքն անցկացրել են արտահերթ ու ազատ ընտրություններ: Հասարակությունն էլ, իհարկե ոչ միասնական փաստաթղթի, բայց ընդհանուր մտահոգությունների մակարդակով հեղափոխության օրակարգը համարում է մի կողմից՝ արդարության մթնոլորտի վերականգնումը, մեկ այլ կողմից՝ բարեկեցության մակարդակի բարձրացումը: Արդեն հիմա ակնհայտ է, որ Ալեքսանդր Սարգսյանին տանել–բերելու էֆեկտը սպառել է իրեն, ու սպասելիքներն այլևս առավել սոցիալ–տնտեսական բնույթի են: Մի խոսքով, նույն հեղափոխության մասին այդ հեղափոխության տարբեր շահառուներ ունեն խիստ տարբեր մոտեցումներ: Ըստ այդմ, անհայտ է, թե որն է հեղափոխության արժեք կոչվածը:
Իրավիճակը մասամբ որոշակիություն կարող է ստանալ, եթե ընդունենք, որ հեղափոխության առայժմ լայնորեն ընդունելի արժեքը այդ հեղափոխության դեմքն է՝ Նիկոլ Փաշինյանը: Գուցե, երբ Փաշինյանն ասում է, որ չի ների հեղափոխության արժեքների դավաճանությունը, նա նկատի ունի, որ այդ արժեքը հենց ինքն է: Չի բացառվում: Առնվազն այդպես կարելի է կարծել, քանի դեռ հեղափոխության միասնական օրակարգն անհայտ է ու անդադար լղոզվում է դրա բովանդակությունը: Հեղափոխության մի տարին կլրանա երեք ամսից ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում