«Փաստ» օրաթերթը գրում է.
 
Օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ կուսակցությունում դեռևս քաղխորհրդի նիստ չի գումարվել և որոշված չէ, թե ով է գլխավորելու կուսակցության ցուցակը: Նա չէր բացառել, որ քաղաքապետի իրենց թեկնածուն կարող է Րաֆֆի Հովհաննիսյանը լինել, իսկ օրինակ իրենց ցուցակով նախկին ժառանգական Ստյոպա Սաֆարյանի հնարավոր մասնակցությունը նա հերքել էր: 
 
Մեր զրույցից բառացիորեն րոպեներ անց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացել էր փակագծերը և հայտարարել, որ իրենք որոշում են կայացրել առանձին մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչ օրս որևէ կերպ չի արձագանքել իրենց՝ միասնական ցուցակով հանդես գալու առաջարկին, ինչի մասին Ա. Մարտիրոսյանը զարմանալիորեն ոչինչ էլ չէր ասել:
 
Ըստ Հովհաննիսյանի, նման առաջարկ ոչ միայն «Ժառանգությունն» էր արել ՔՊԿ–ին, այլ նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: Պարզելու համար, թե ՔՊ կուսակցությունը ժառանգականների առաջարկն անարձագանք թողնելուց բացի, ինչպես է արձագանքել իր մյուս գործընկեր կուսակցությանը, «Փաստը» զրուցեց ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի հետ:
 
Նա նշեց, որ իրենց կուսակցության կողմից նման առաջարկ չի եղել: Դա ընդամենը եղել է Ր. Հովհաննիսյանի ցանկությունը, ինչը փաստորեն չի ընդունվել:
 
«Մեր կուսակցությունն իր առանձին թեկնածուով չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Իսկ ընտրություններին աջակցելու ձևաչափի շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում»,– ասաց Պ. Մակեյանը:
 
Նա հավելեց, որ կուսակցությունը կաջակցի հեղափոխությանն աջակցող բոլոր ուժերին, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ի հայտ գալով մեծացել է հակահեղափոխության վտանգը: Եվ այն հնարավորինս չեզոքացնելու համար ՔՊ–ի կողմից իրենց թեկնածուին սատարելու առաջարկություն է եղել ԺՀԿ–ին, ինչն իրենք չեն մերժել:
 
«Տարբեր ուղղություններով նույնպես առաջարկություններ են եղել: Հիմա մենք այդ առաջարկություններն էլ ենք քննարկում:
 
Մենք չենք ցանկանում ավագանու արտահերթ ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալ, բայց կարող ենք աջակցություն ցուցաբերել բոլոր մեզ դիմած ու չդիմած քաղաքական ուժերին»,– ասաց Պ. Մակեյանը:
 
Նրա կարծիքով, այս պահին ՔՊԿ–ն և անձամբ Նիկոլ Փաշինյանն այնքան բարձր վարկանիշ ունեն, որ կարող են անգամ առանց այլ ուժերի աջակցության էլ մասնակցել ընտրություններին ու հաղթել: Գուցեև դա է պատճառը, որ նրանք առանձնապես չեն արձագանքում ճանապարհ անցած կուսակցությունների կողմից համատեղ հանդես գալու առաջարկներին: 
 
Այս ամենով հանդերձ Պ. Մակեյանը կիսում է Ր. Հովհաննիսյանի՝ ՔՊԿ–ին աջակցելու դիրքորոշումը, քանի որ, ըստ նրա, հեղափոխության վերջնական հաղթանակին հասնելու համար միակ ճիշտ ընտրությունը դա է:
 
«Այսօր լուրջ վտանգ է ներկայացնում Քոչարյանի ակտիվացումը, որին զուգահեռ արթնանում են տարատեսակ բացահայտված և դեռևս չբացահայտված ուժեր: Եվ, բնականաբար, այս ամենը մտահոգություն է առաջացնում: Մենք դա լուրջ խնդիր ենք համարում, որը կարող է վտանգ ներկայացնել հեղափոխության լիակատար հաղթանակի համար»,– ասաց կուսակցության առաջնորդը:
 
Այս պարագայում ինչպե՞ս հասկանալ ՔՊԿ–ի կողմից իրեն սատարող կուսակցությունների հանդեպ արհամարհական վերաբերմունքը, երբ անգամ, օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջարկին որևէ կերպ չեն պատասխանել, Պ. Մակեյանն ասաց, որ իրականում հեղափոխությունը միայն ՔՊԿ–ն չի իրականացրել: Դրան մասնակցել են շատ քաղաքական ուժեր: Եվ հիմա, երբ փաստացի առկա է հակահեղափոխության և հակառակորդի հնարավոր հաղթանակի վտանգը, ապա դա նույնպես պետք է բոլոր ուժերի համար զգոնության կոչ լինի:
 
«Այդ իսկ պատճառով խոսքը ոչ թե կոնկրետ ուժի դերակատարման մասին է, այլ համախմբման: Ինչ վերաբերում է կուսակցությունների մրցակցությանը, ապա դա բնական երևույթ է, մշտապես էլ եղել է և հատկապես ակտիվանում է ընտրությունների ժամանակ: Բայց, քանի դեռ կա հակահեղափոխական ուժերի կողմից սպառնացող վտանգ, որի մասին մեր ժողովրդի դահիճ Քոչարյանը բացահայտ հայտարարեց, ում պատճառով, ի դեպ, ամենաշատը մեր կուսակցությունն է տուժել, ուստի մենք շատ լուրջ մտահոգություն ունենք, ինչը չեզոքացնելու համար ենք պայքարելու»,– ասաց Պ. Մակեյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: