Հայաստանում ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո, փոքր համայնքներում սկսեցին մեծ հույսեր կապել նոր իշխանությունների հետ, մասնավորապես, պետբյուջեի նպատակային միջոցներից՝ սուբվենցիաներից օգտվելու համար, որոնցից նախկինում կարող էին օգտվել հիմնականում խոշոր ու խոշորացված համայնքներն՝ իրենց մեծ բյուջեներով։ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանն այս խնդիրը բարձրաձայնել էր նոյեմբեր ամսին, երբ դեռևս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ, սակայն խնդրի լուծման՝ նոր իշխանության տարբերակները որևէ կերպ փոքր համայնքների վերոնշյալ խնդիրը չի կարգավորում։
Չկալովկա համայնքի ղեկավարը սուբվենցիոն ծրագրերի և այդ ծրագրերի համար հաստատված չափորոշիչների հարցով բաց նամակով դիմել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին․ «Ես այս ընթացքը հաշվի առնելով, մի քանի գրություններ տարբեր մարդկանց ուղղելով ու պատասխանն ամիսներով չստանալով կամ թերի ստանալով՝ որոշեցի բաց նամակով դիմել նախարարին, նոր կառավարության գործելաոճով հանդես գալ՝ իրենց պես բաց։ Թող իրենք էլ բաց պատասխանեն՝ մեր ժողովուրդն էլ, մենք էլ հասկանանք՝ վերջն ինչ է լինելու»,- ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը։
Պարզաբանելով իրավիճակը, Կարապետյանը նկատեց, որ նախկինում 100 մլն բյուջե ունեցող համայնքների համար 5 մլն ֆոնդային բյուջեի սահմանաչափը փոփոխության է ենթարկվել և այժմ սահմանվել 50 մլն-ի համար՝ 3 մլն դրամ, սակայն դրանով հարցը չի լուծվել․ «Հիմա հասել ենք այն կետին, որ լրացումներ են կատարել այդ նախագծում, սակայն այն շատ թերի է։ 10 մլն բյուջե ունեցող համայնքը 3 մլն դրամ ֆոնդային բյուջե չի կարողանա ունենալ, որովհետև այդ 10 մլն դրամով կարողանում է իր աշխատավարձերը և համայնքի առաջնային խնդրրները կարգավորել, լուսավորության և այլ հարցեր լուծել։ Այսինքն, կոնկրետ դուրս է մնում ծրագրից փոքր համայնքը»,- ասաց նա։
Վերջինս նշեց, որ պետական սուբվենցիոն ծրագրին փաստացի չեն կարողանում մասնակցել, թեպետ այդ ծրագրի համար հատկացվող ֆոնդը լրանում է ցանկացած քաղաքացու վճարած հարկերից․ «Ստացվում է՝ իմ բնակիչը հարկ է վճարում պետական բյուջե ու չի կարողանում դրանից օգտվել։ Սա անարդար մոտեցում է։ Այդպես մենք առաջ չենք գնա։ Փոքր համայնքը նույնիսկ մեկ միլիոն դրամ չի կարող հետ գցել, որովհետև ծախսերը ծայրը ծայրին հասցնելով է կատարում։ Մենք չենք կարողաում անգամ հայտ ներկայացնել այդ ծրագին մասնակցելու համար»։
Կարապետյանը խնդրի լուծման մեկ տարբերակ է տեսնում․ «Եթե տոկոսային հարաբերակցությամբ նայենք՝ 50 մլն-ի համար 3 մլն ֆոնդային բյուջեն 6 տոկոս է կազմում, ապա 10 մլն-ի համար՝ 3 մլն-ը դառնում է 30 տոկոս։ Առաջարկում եմ սահմանել հետևյալը՝ ունենալ բյուջեի 6 տոկոսի չափով ֆոնդային բյուջե և հնարավորություն ունենալ մասնակցելու սուբվենցիոն ծրագրին»։
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ