Երևան-Մեղրի ավտոմայրուղին փակ է։ Դվին համայնքի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով վերանորոգել Դվին-Նորաշեն միջհամայնքային ավտոճանապարհը։
ԼՈւՐԵՐ․com—ին Դվինի համայնքապետարանից փոխանցեցին, որ համայնքապետ Արծրուն Աբրահամյանը հանդիպման է գնացել բողոքող բնակիչների հետ։
«Համայնքապետը բնակիչների հետ պետք է գնար մարզպետի մոտ, բայց հանդիպել են, թե ոչ՝ տեղյակ չեմ։ Դվին-Նորաշեն միջպետական ավտոճանապարհն ահավոր վիճակում է։ 4 տարի է՝ բարձրաձայնում ենք, որ բարեկարգեն, բայց մինչև օրս այդ վիճակն է։ Ծրագիր էին մշակել, բայց էս տարի պարզվեց, որ այդ գյուղերը նշված չեն, ուրիշ գյուղեր են ընդգրկել ծրագրի մեջ»,- ասացին Դվինի համայնքապետարանից։
Հարցին՝ համայնքապետը խնդրով դիմե՞լ է մարզպետին, Դվինի համայնքապետարանից փոխանցեցին, որ բազմիցս է դիմել, բայց ապարդյուն՝ «սայլը տեղից չի շարժվում, դրա համար էլ բնակիչներն են ոտի ելել»։
Նշենք, որ տարիներ շարունակ բնակիչները պայքարում են ճանապարհի բարեկարգման համար։