Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Կատարի Պետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Դոհա): Ըստ հիմնավորման, նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի ու Կատարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, երկու երկրների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հայտագրերի փոխանակմամբ Կատարի Պետությունում անհրաժեշտ է բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն:

Կատարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով ու Երևանում բացել Կատարի Պետության դեսպանություն:

Կատարական կողմը պատրաստ է տրամադրել տարեկան 400.000 կատարական ռեալ (մոտ 110.000 ԱՄՆ դոլար)՝ երեք տարի տևողությամբ, ՀՀ դեսպանության համար տարածք ու դեսպանի համար կեցավայր, երկու ավտոմեքենա:

Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարը առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաեւ դիվանագետի բնակարանի վարձը:

Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում աշխուժացնել Հայաստան-Կատար բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առկա առեւտրատնտեսական կապերը: