«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտարարվեց հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի՝ Armflix -ի մեկնարկի մասին: Այն համարվում է «հայկական Netflix»։ Այստեղ օնլայն հարթակը նախընտրող կինոսիրողները կարող են դիտել հսկայական քանկության էքսկլ յուզիվ արտադրության հեռուստանովելներ, գեղարվեստական ֆիլմեր, մարտաֆիլմեր ու ժամանցային հաղորդումներ: Մեր ունեցած տեղեկություններով, Armflix - ը խոստանում է լինել հեղափոխական՝ հայկական ֆիլմարտադրության մեջ իր նախադեպը չունեցող որակի արտադրանքով՝ էլ ավելի հագեցած ու լարված սցենարով և աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ:

Ի դեպ, այս մեգա նախագծում ընդգրկված են երևանյան թատրոնների գրեթե բոլոր դերասանները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընկերության սեփականատերերը ամերիկահայ գործարարներ են, որոնք ստեղծել էին առաջին ստրիմինգային օնլայն կինոթատրոնը՝ Kinodaran- ը, ինչպես նաև Հայաստանում գործող «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը։ Ազգությամբ հայ գործարարները այս մեգա նախագծի վրա ծախսել են միլիոնավոր դոլարներ:

Ընդ որում, ընկերության սեփականատերերը ԱՄՆ - ում ևս ունեն հեռուստաընկերություններ. ի մասնավորի, Ռոբերտ Օղլախչյանը ԱՄՆ -ի «ARTN» հեռուստաընկերության սեփականատերն է, իսկ Վահագն Սարգսյանը՝ «USArmenia»-ի։ Հավելենք, որ դեռ ամիսներ առաջ նկարահանված ու հեռուստադիտողի դատին հանձնված սենսացիոն «Սուրբը» քրեական դրամայի դերասանական ամբողջ կազմը ևս այժմ նկարահանվում է հենց Armflix-ի համար. մեր տեղեկություններով, նկարահանվում է նոր քրեական դրամա, որն, ըստ դերասանական կազմի ու ֆիլմի բնույթի, բացառիկ է լինելու։

Փաստացի, հայախոս առցանց հեռուստադիտողների շրջանում Armflix.com-ն այսօր չունի մրցակից, քանի որ հանրությանը ներկայացնում է բազմազան բովանդակություն ունեցող նյութեր, որոնք ուղղված են ամենատարբեր տարիքային խմբերին: