«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս մամուլում գրվեց, որ փետրվարի 1-ին Սերժ Սարգսյանին հրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության, եւ մի քանի ժամ հարցաքննել Մարտի 1-ի գործով։ Բայց պարզվում է՝ սա Սերժ Սարգսյանի առաջին հարցաքննությունը չի եղել, դրանից առաջ էլի էր նա ՀՔԾ հրավիրվել։ Ավելին, տեղեկացանք, որ երեկ նույնպես նա այցելել է ՀՔԾ ու բավականին երկար մնացել այնտեղ։ Թեպետ ՀՔԾ-ից մեր հարցին հրաժարվեցին պատասխանել, ասացին, որ որեւէ հարցի չեն պատասխանում այս թեմայով։
Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի համար պրոֆեսիոնալ իրավաբանների թիմ է ստեղծվել, որոնք այս օրերին կոնսուլտացիաներ են անցկացնում նրա հետ, թե ինչպես պահի իրեն հարցաքննության ժամանակ։ Թիմը գլխավորում են արդարադատության երկու նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը, որոնք երկուսն էլ իշխանափոխությունից հետո լծվել են իրավապաշտպան գործունեության։ Դավիթ Հարությունյանն Արփինե Հովհաննիսյանի հետ իրավախորհրդատվական ընկերություն է բացել։ Մենք տեղեկացանք, որ նախօրեին Սերժ Սարգսյանի «պաշտպանական» թիմը հավաքվել է ՀՀԿ գրասենյակում ու բավականին երկար քննարկում արել Սերժ Սարգսյանի հետ։ Ներկա են եղել նաեւ այլ իրավաբաններ, փաստաբաններ։ Դավիթ Հարությունյանը երեկ մեր հարցին ի պատասխան՝ կցկտուր հերքեց, թե իրենք են զբաղվում Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ։ «Չէ, չեմ պատասխանի էդ հարցին։ Ընդհանրապես, Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչելու-չկանչելու վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունեմ։ Սխալ է քո ինֆորմացիան»,- ասաց պարոն Հարությունյանը։
Հարցին՝ նախօրեին ՀՀԿ գրասենյակում քննարկում եղե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Հարությունյանն ասաց․ «Ուրիշ հարցերով եմ ունեցել քննարկում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում