Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման վերաբերյալ փետրվարի 8-ին Երևանի քաղաքապետարանում «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, պայմանագիր են ստորագրել:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
«Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին:
Անմիջապես ստորագրումից հետո կմեկնարկեն աշխատանքները»,-նշել է նա:
Երկար տարիներ Արամի 23 հասցեում գտնվող շենքում բժիշկ է բնակվել: 1980-ականներին Կոնդի արվեստանոցն է եղել այդտեղ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն տարբեր սեփականատերեր է ունեցել: Երգչախմբին շենքը հատկացվել է 1995 թվականին, բայց «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը շենքում գործունեություն են սկսել ծավալել 2002-ից: Շենքի հարակից տարածքը գնել է «Հին Երևան» փակ բաժնետիրական ընկերությունն ու սկսել այդտեղ շինարարական աշխատանքներ իրականացնել: Աշխատանքների արդյունքում շենքը վնասվել է` հայտնվելով փլուզման եզրին: