Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում քննարկվելիք հիմնական թեմաները լինելու են ահաբեկչության դեմ պայքարն ու Աֆրիկայի տնտեսական զարգացման հարցը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք գործ ունենք սպառնալիքների նոր տեսակի, նախ և առաջ իսլամիստական ահաբեկչության հետ: Այստեղ մենք պետք է ընդհանուր պատասխաններ գտնենք»,- ասել է Մերկելը:
Որպես համաժողովի մեկ այլ կարևոր հարց՝ կանցլերն առանձնացրել է տնտեսական զարգացումը, որը, նրա համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության խնդրի հետ:
Մերկելն ընդգծել է, որ թեպետ Մյունխենի անվտանգության համաժողովը ծնվել է սառը պատերազմի ժամանակաշրջանում, սակայն այն չի կորցրել իր արժեքն ու արդիականությունը:
Մյունխենի անվտանգության համաժողովն այս տարի տեղի կունենա փետրվարի 15-17-ը: