«Իմ օրոք երկրապահը չի քաղաքականացվի, բացառվում է իմ դեպքում։ Մեր ժողովուրդն առնչվել է այդ հարցին, չեմ ուզում մարդկանց անուններ տալ։ Իսկ ԵԿՄ-ն կյանքի գնով եղել է ժողովրդի ծոցից ծնված հասարակական կազմակերպություն, որը պետք է պահել»։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահի հավակնորդ Սասուն Միքայելյանը։

Նա պնդեց՝ ԵԿՄ նախագահ դառնալը իր նախաձեռնությունը չէ, կա պահանջ․ «Չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին, որոնք այսօր պահանջ ունեն»:

Հարցին՝ արդյոք Մանվել Գրիգորյանը կմնա ԵԿՄ անդամ, եթե ինքը դառնա Միության նախագահ, Սասուն Միքայելյանը նշեց, որ չի կարող նման հարցի պատասխան, ժամանակը ցույց կտա․ «Երբ ձևավորվի Երկրապահը, նոր անդամներ են լինելու, վարչությունը նոր է ձևավորվելու, նոր մարդկանցով: Բնական է, հին տղերքից էլ կմնան»,- ասաց նա: 

Նա նշեց՝ առաջադրվել է իր թեկնածությունը, առաջիկայում կլինի համագումար և նախագահի ընտրություն:

 

Միքայելյանը նշեց, որ ԵԿՄ-ն 90 %-ով պետք է փոխվի։ Թե կոնկրետ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը և ինչ է ինքն անելու՝ Միքայելյանը կատակեց. «Ինչ կլինի՝ երկնքից աստղեր եմ իջեցնելու։ Նախ պետք է բարձրանա այն ազատամարտիկների դերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել պատերազմի ժամանակ: Այսօր մի տեսակ մղվել են 2-րդ, 3-րդ պլան: Այդ մարդկանց դերակատարությունը պետք է բարձրանա, ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է բարձրանա: Այնտեղ կա երիտասարդ երկրապահների միությանը կից ակումբ, որը պետք է կարողանանք ավելի զարգացնել»:

Հիշեցնենք, որ երեկ ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք, որին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: