ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում փոխզիջումների գնալ առևտրային նպատակով ապրանք ներկրողների հետ:
Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի այն դիտարկմանը, թե ապրանք ներկրողները բողոքում են ներկրման ու մաքսազերծման նոր կարգից:
«Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չի լինելու ոչ մի փոխզիջում որևէ մեկի նկատմամբ: Չեմ թողնելու ոչ մեկն ինձ հետ ստի լեզվով խոսի»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրողներին՝ Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց ազնիվ լինել բիզնես անելու պարագայում և իրենց հետ քննարկել հարկային խնդիրները:
«Մեր կառավարությունն իր կամքը ցույց էր տվել այս հարցում, և այն չարաշահվել է: Եթե մարդիկ բիզնես են անում, թող գան, նստենք-զրուցենք: Մենք հարկային օրենսգրքի փոփոխման փուլում ենք և ասում ենք՝ եկեք-քննարկենք, բայց մի՛ խաբեք մեզ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ եթե նախկինում կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա, հիմա արտոնյալներն ուրիշ տեղում են: Սահմանին կանգնեցնում են բեռնատարը, դատարկում և 50-50 կիլոգրամով ներս մտցնում:
«Ո՛չ և ո՛չ, չի՛ լինելու այդպիսի բան: Չե՛ն լինելու այդպիսի անսկզբունք կոմպրոմիսներ, որ եթե փորձելու են կառավարությանն ասել՝ վայ, ցույց ենք անելու ձեր դեմ, մեզ համար էս արեք, էն արեք: Ցույց արեք, երբ որ կհասնեք էն քանակների, որ մենք կհասկանանք՝ իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք, շնորհակալություն, կգաք ձեր գործին, բայց մենք չենք համաձայնվելու, որ իրար երեսի նայենք, իրար ֆռռցնենք, ով ավելի շուստրի է, կառավարությանը ստիպում է, որ որոշում կայացնի: Չի՛ լինելու որոշում՝ բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք: Չկա՛ ուրիշ տարբերակ և չի՛ լինելու ուրիշ տարբերակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի: էս ի՞նչ բան է՝ խաբեությունը, սուտը դարձել է հասարակական հարաբերությունների հիմնական օղակ: Չի՛ լինելու. ես ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել՝ հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր կլինի, ստի վերջը եկել է: Ասում են՝ բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն արել, իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևանի քաղաքի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար, բա բոլորս դրա համար ենք արել, որ Մաշտոցի պողոտան դառնա արևելյան բազար», – ասել է Փաշինյանը: