Պետության կառավարման մոդելի վերաբերյալ իշխող ուժը քննարկումներ չի անում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներին այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Լենա Նազարյանը: Նա անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի ներկայացրած առաջարկություններին: Միևնույն ժամանակ, Նազարյանը հաստատեց, որ սահմանադրական բարեփոխումները իշխանության օրակարգում են: Այս տեսանկյունից՝ անչափ հետաքրքիր է՝ եթե ոչ պետական կարգը, ապա ի՞նչն են պատրաստվում փոփոխել իշխանությունները. չէ՞ որ Փաշինյանի նախընտրական գլխավոր խոստումը վերաբերվում էր հենց «Սերժ Սարգսյանի հագով կարված» Սահմանադրության փոփոխությանը: Հեղափոխությունից հետո սահմանադրական կրքերը հանդարտվեցին և ուշագրավ է, որ փոփոխությունների մասին սկսեցին խոսել հենց հիմա:
 
Ոչ պակաս հետաքրքիր է, որ այս թեզը դաշտ է գցվել ՀԱԿ-ի, ասել է թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, ով համարվում է արտաքին քաղաքական հարցերում Փաշինյանի գլխավոր խորհրդատուն, եթե ոչ՝ խաղի կանոնները թելադրողը: Ի դեպ, ՀԱԿ-ի առաջարկը ենթադրում է ոչ միայն պետական կարգի փոփոխություն. այն փոփոխությունների շատ ավելի լայն շրջանակ է նախատեսում:
 
Ի՞նչ են ցանկանում փոփոխել իշխանությունները, և ինչո՞ւ պետական կարգի փոփոխությունը մղվեց երկրորդ պլան: Չի կարելի բացառել, որ սահմանադրական փոփոխությունների տակ, Լևոն Տեր-Պետրոսյանի փոխանցումով, Փաշինյանը ցանկանում է «սղղացնել» մի կետ, որը նրան թույլ կտա Արցախյան հակամարտության կնճռոտ հարցերը, այն է՝ 5-6 շրջանների «հանձնել-չհանձնելու» հարցը լուծել հանրաքվեով: Հանրաքվեի արդյունքների վրա ազդելը դժվար չէ. պատահական չէ, որ Տիգրան Մուկուչյանի ծառայություններով իշխանությունները շարունակում են հետաքրքրված լինել: Հանրահավաքում նա իրեն հատուկ պոպուլիստական հայտարարություն արեց՝ խոստանալով, որ Արցախի հարցով կոնկրետ առաջարկի դեպքում ինքն այն կներկայացնի հրապարակին ու ժողովրդի հետ «ագորայում» կորոշեն՝ ինչ անել։ Իսկ ահա հեռուստաբանավեճի ժամանակ, Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդի կարծիքն իմանալու համար պատրաստվում է Արցախի հարցով հանրաքվե անցկացնել: Թե ինչպիսի ռիսկեր է իր մեջ պարունակում նման հանրաքվեն և ինչ հետևանքների այն կարող է հանգեցնել՝ ավելորդ է անգամ նշել...