Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական ուսումնասիրությունն է իրականացրել պետական գնումների ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ: Ուշագրավն այն է, թե հատկապես որ նախարարությունում է Արտակ Շաբոյանը բացահայտել խնդիրներ և քաղաքական ինչպիսի շրջափուլում: Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել պետական գնումների ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ. Էլեկտրոնային աճուրդները կարգավորող իրավական ակտերում առկա օրենսդրական բացերը սահմանափակում են մրցակցությունը: Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ստացված բողոքի հիման վրա։ Ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են նախարարության կողմից 2018 թվականի նոյեմբերին իրականացված 2 էլեկտրոնային աճուրդները, որոնցով նախատեսվել է ձեռք բերել շուրջ 369 մլն․ դրամի սննդամթերք։
Դժվար չէ հիշել, թե ով էր այդ ժամանակ զբաղեցնում նախարարի աթոռը՝ Մանե Թանդիլյանը, ով այսօր արդեն խորհրդարանական ընդդիմության դերում անխնա քննադատում է Փաշինյանին և վերջինիս կառավարությանը: Շաբոյանի օգնությամբ Փաշինյանը միանգամից երկու խնդիր է լուծում. մի կողմից՝ փորձում է գցել արդեն ընդդիմադիր գործչի վարկանիշը՝ վերջինիս անունն անուղղակիորեն կապելով բյուջեի վատնման հետ, մյուս կողմից՝ հանրային դժգոհության ֆոնին փորձում է ստեղծել տպավորություն, որ ստուգումները և բացահայտումները չեն շրջանցել նաև քաղաքական վերնախավը, միայն թե թիրախավորում է Փաշինյանը ոչ թե իր թիմակիցներին, այլ՝ Մանե Թանդիլյանին: Օբյեկտիվ լինելու համար նմանատիպ պլանային ստուգումներ պետք է իրականացվեին բոլոր գերատեսչություններում, քանի որ գաղտնիք չէ, որ պետական գնումների ոլորտը հին Հայաստանում համարվել է կոռուպցիայի տեսանկյունից ամենառիսկայիններից մեկը, իսկ նոր Հայաստանում, ի տարբերությունի հնի, շատ քիչ բան է փոխվել: Օրինակ, արդյո՞ք քաղաքական վերնախավը չի գտնում, որ Փաշինյանի թիմակիցների կողմից քարտուղարուհիների քարտուղարուհիներին շռայլած պարգևատրումները բյուջեի վատնման ակնհայտ տարր են պարունակում: Եթե նմանատիպ ստուգումներ չեն անցկացվում այլ գերատեսչություններում, ապա պարզից էլ պարզ է դառնում, թե ինչ նպատակ է հետապնդում Շաբոյան-Փաշինյան տանդեմի կազմակերպված հերթական շոուն…