Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Վարդանյանին, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, Պաշտպանի թեժ գծին արված ահազանգով Արթուր Վարդանյանը հայտնել է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, մասնավորապես՝ արդեն 12 օր է, ինչ չի կարողանում սնունդ ընդունել, ունի քաշի կորուստ, մարմնի ընդհանուր թուլություն, տեղաշարժվում է դժվարությամբ, պարբերաբար ունենում է փսխումներ և արյունահոսություն: Ըստ նրա՝ քաղաքացիական հիվանդանոցից դուրս է գրվել առանց բուժումն ավարտելու։ Նրան առաջարկել են ստացիոնար բուժում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որից հրաժարվել է նախկինում այնտեղ պատշաճ բուժում չստանալու պատճառաբանությամբ: Արթուր Վարդանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր նախընտրած բժշկի մոտ իր բուժումը կազմակերպելու հարցում:

 

Ահազանգի հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, տեղի է ունեցել այց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Առանձնազրույցի ընթացքում Արթուր Վարդանյանը կրկին գանգատվել է առողջական խնդիրներից՝ նշելով, որ 13 օր է չի կարողանում սնվել, ամբողջ սնունդը փսխում է անգամ ջուր խմելիս, ունի ջերմություն, մկանային ջղաձգումներ, արյան զարկերակային ճնշումը բարձր է, իսկ օրգանիզմը՝ ջրազրկված: Նա նշել է, որ ընդունում է ցուցված դեղորայքը, սակայն առողջական վիճակի լավացում չի արձանագրվում: Ա. Վարդանյանը ցանկացել է հետազոտություն անցնել քաղաքացիական հիվանդանոցում՝ իր նախընտրած բժշկի մոտ:

Վերջինիս բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Վարդանյանն անցել է իր նախընտրած բժշկի նշանակած մի քանի լաբորատոր-գործիքային հետազոտություններ, 2019 թվականի փետրվարի 19-ին զննվել է Քրեակատարողական ծառայության բժշկական կոնսիլիումի կողմից և առաջարկվել է նրան տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ ստացիոնար բուժման:

Ա. Վարդանյանի բժշկական քարտում կատարված գրառումների համաձայն՝ վերջինիս մոտ արձանագրվել է սուբֆեբրիլ ջերմություն, քաշի կորուստ, հաճախասրտություն, ցավեր որովայնի շրջանում, փսխումներ, սնվելու դժվարություններ, ինչպես նաև լաբորատոր հետազոտության արդյունքում արձանագրվել է լեյկոցիտոզ:

Արթուր Վարդանյանի առողջական վիճակի հարցը Պաշտպանի ներկայացուցիչը քննարկվել է նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:

Խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Քրեակատարողական ծառայություն է հասցեագրվել գրություն կապված Արթուր Վարդանյանի առողջական վիճակի դինամիկայի և նրան տրամադրվող բուժօգնության ծավալների հետ: Բարձրացվել է նաև սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի մոտ Արթուր Վարդանյանի բուժումը կազմակերպելու հարցը:

Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել դեռևս 2018 թվականի դեկտեմբերին, և նրա առողջական վիճակի դիտարկումը կրում է շարունակական բնույթ: