ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարությունների վերաբերյալ, որում նշված է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսի 27-ին հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական' իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։

Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։

Ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։

Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ 1995 թվականին ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ:

Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում ընթացող քննարկումները։

Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին և ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության և խաղաղության Հարավային Կովկասում»։