ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի: Այս մասին փետրվարի 22-ին Վիեննայում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի քաղաքականության աջակցության ծառայության տնօրենի տեղակալ Չարլզ Լոնսդեյլը, ով, ի դեպ, եղել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը (2008-2012թթ.):
«Մենք մեծ հետաքրքրությամբ հետևում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումներին՝ վերջին շրջանում նաև դրական դինամիկայի հույսով, որը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Իլհամ Ալիևի պարբերական դարձած ոչ պաշտոնական հանդիպումներով»,- ասել է Լոնսդեյլը:
Ընդգծելով ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կողմերի հանձնառությունը՝ նա աջակցության պատրաստակամություն է հայտնել, եթե կողմերը դրանում հետաքրքրված են: «Բայց մենք ուղղակիորեն ներգրավված չենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում»,- նշել է ծառայության տնօրենի տեղակալը:
2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:
Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:
2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։