Դեռևս նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներից մեկնարկեց ՀՀ առևտրային բանկերի կողմից վարկային տոկոսների, տույժ-տուգանքների ներման՝ հանրային կարևորություն ունեցող գործընթացը:
 
ՀՀ Կառավարության՝ 2018 թվականի հունիսի 11-ի համապատասխան որոշմամբ սկիզբ առան մի շարք օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում, ի թիվս գործարար միջավայրի բարելավման և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման մի շարք նախաձեռնությունների, նախատեսվեց նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:
 
Այս նախաձեռնությանը հաջորդեց ՀՀ բանկերի կողմից քաղաքացիներին տվյալ ուղղությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համապատախան ընթացակարգային աշխատանքների կազմակերպումը, որի արդյունքում գործընթացի մեկնարկային փուլից մինչ այս պահը շուրջ 19000 ֆիզիական անձանց մասով ներվել են ավելի քան 9.5 մլրդ դրամի չափով պարտավորություններ:
 
Վերլուծելով ներկայացված վիճակագրությունը՝ հարկ է նկատել, որ ՀՀ Կառավարության ընձեռած հնարավորության շրջանակներում բանկերի կողմից իրականացված այս նախաձեռնությունը մեր քաղաքացիների համար ունեցել է իր նշանակալի և բարերար ազդեցությունը:
 
Այս ամենով հանդերձ պետք է հավելել նաև, որ տույժ-տուգանքների ներման ասպարեզում բանկերը սովորաբար ցուցաբերում են անհատական մոտեցումներ, իսկ զանգվածային բնույթ կրող այս գործընթացի իրականացումն ուներ բացառիկ իրավիճակային հիմնավորում և օրենսդրական տվյալ դրույթի կիրառումը սահմանվեց որոշակի ժամանակահատվածի համար. ուստի այսուհետ ազգաբնակչությունը պետք է առաջնորդվի վարկային ծառայություններից բարեխղճորեն օգտվելու և բացառապես նախատեսված ժամկետներում վճարումներ կատարելու սկզբունքերով: