8-րդ միջոցառման շահառուների թիվն ընդլայնվել է ավելի քան 30 հազար ֆիզիկական անձով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ այդմ հակաճգնաժամային 2-րդ ծրագրում կատարված փոփոխություններով տնտեսվարողների համար որոշ ուղղություններով կտրամադրվի նաև համաֆինանսավորման հնարավորություն, գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար կանխավճարի 10% համաֆինանսավորում, բայց ոչ ավել քան 10 մլն դրամը, տոհմային տավարաբուծության դեպքում կհամաֆինանսավորվի 30%֊ը։
Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով 30% համաֆինանսավորում կտրամադրվի իրավաբանական ու ֆիզիկական անձանց։
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման համար 30% համաֆինանսավորում կտրամադրվի ֆիզիկական անձանց։
Այս ուղղությունների զարգացման, ինչպես նաև այգեհիմնման նպատակով տրամադրվող վարկերի համար ավելացվել է վարկերի առավելագույն շեմը՝
-3-30 մլն դրամ՝ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար,
-3-50 մլն դրամ՝ տավարաբուծության զարգացման համար,
-ավանդական այգու հիմնման համար ավելացվել են նաև վարկերի մարման (մինչև 7 տարի) և արտոնյալ (մինչև 4 տարի) ժամկետները։
Հակաճգնաժամային 8-րդ ծրագրում արված փոփոխությունների համաձայն տուժած ոլորտների ցանկում ավելացվել է 13 գործունեության տեսակ, որի արդյունքում ևս 21.000 աշխատակից կարող է ստանալ իր աշխատավարձի կեսի չափով աջակցություն:
Միջոցառման աջակցությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները: Նախկինում սխալ լրացված տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները հնարավոր է ուղղել մինչև մայիսի 5-ը, այն արդեն ուղղել են 1776 տնտեսվարողներ, որոնց 6000 աշխատակիցները կօգտվեն ծրագրի աջակցությունից:
Նշված փոփոխությունները լիարժեք կգործեն մայիսի 4-ից»: