2003 թվականից ընդհանուր առմամբ մոտ 9800 քաղաքացի օրենքով սահմանված կարգով վճարում է կատարել եւ ազատվել բանակում ծառայելուց խուսափելու քրեական պատասխանատվությունից, ինչից հետո վերադարձել է հայրենիք։ Այս մասին փետրվարի 25-ին Հայաստանի Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում ասել է նրա ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշել է, որ 3225 մարդ 27-35 տարեկանի սահմանում է՝ հիշեցնելով, որ 35 տարեկանից հետո քրեական հետապնդումը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների հանդեպ դադարեցվում է։
Միեւնույն ժամանակ, հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ որոշումն այս հարցի վերաբերյալ պետք է լինի համապարփակ, որպեսզի ոչ մի կերպ չազդի պետության զինակոչային եւ զորակոչային կարողության վրա։
«Մենք պետք է այնպես անենք, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ վերադառնան Հայաստան»,- ընդգծել է Քոչարյանը։
Նա նշել է, որ ներկա պահին ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզման մեջ գտնվող մարդկանց թիվը կազմում է ավելի քան 10 000։