«Պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Ցավալի է, բայց փաստ` հերթական որոշումը՝ առանց լայն լսումների և հետևանքների հաշվարկի»,- այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա նշեց՝ սկզբում պլանավորել էին ակցիզային հարկը բարձրացնել միայն շաքար պարունակող խմիչքների համար, բայց կարծես քննարկում են ամբողջ տեսականին թանկացնելու հարցը․«Շաքար պարունակող գազավորված խմիչքները կարելի էր առողջապահության նախարարի դրական եզրակացությունով թանկացնել, այդպիսով նաև գնալով սպառման ծավալների նվազեցման։ Շաքարի փոխարինիչ պարունակող ապրանքների ակցիզային հարկը էժան խմիչքների տեղական արտադրությունը վտանգի տակ է դնում, որովհետև մեկ լիտրի հաշվարկով մոտ 40 դրամի թանկացում է լինելու, դա տանելու է շուկայում ապրանքի առնվազն 20 տոկոս թանկացման։ Սրանց այլընտրանք են դառնալու շատ ցածրակարգ բնական հյութեր կոչվածները։ Եվ քանի որ դրանք էլ որակապես զիջում են, արդյունքում ունենալու ենք ընդամենը իրացման ծավալների նվազում, ինչն իր հերթին՝ չի ապահովելու սպասված մուտքերը բյուջեի մասով, ինչը որ ակնկալում են այս ակցիզային հարկի թանկացումով»,-ասաց Պիպոյանը։
Նրա խոսքով՝ սա ազդելու է սոցիալ-տնտեսական վիճակի վրա և ավելի վատ վիճակ ենք ունենալու․ «Ինչ-որ խմբի համար ավելի անհասանելի է դառնալու այս ապրանքը, մնացածն էլ սպառելու են, բայց ավելի քիչ։ Եթե անգամ թանկացման վերաբերյալ քննարկում եղել է, ապա միայն նախնական որոշում կայացնելուց հետո, այսինքն՝ ոչ թե քննարկել են՝ հասկանալու՝ արժե՞ այսպիսի որոշում կայացնել թե ոչ, այլ որոշում են կայացնում, հետո նոր քննարկում։ Դա լավ բան չի, երբ դու պետք է ոչ թե քննարկես, այլ փորձես հակազդել»,-նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։
Սոնա Հարությունյան