Իրանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մի մասն են: Հայաստանը հակված է զարգացնել Իրանի հետ բարի դրացիական հարաբերությունները:Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրանական « IRNA » գործակալությանը տված հարցազրույցում:
«Միևնույն ժամանակ պետք է նշել, որ դեռ առկա է չօգտագործված ներուժ, հատկապես առևտրատնտեսական ոլորտում: Համոզված եմ, որ մի շարք ոլորտներում տարբեր մակարդակների կապերն ու երկխոսությունը նույնպես կարող են նպաստել քայլերը հստակեցնելուն՝ ուղղված այդ ներուժի ամբողջական իրացմանը»,-նշել է վարչապետը:
Խոսելով Իրան կատարած այցի շրջանակում օրակարգային հարցերից՝ ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն հարուստ օրակարգ: Նա նշել է, որ Իրան իր այցի նպատակն այդ հարուստ օրակարգն առաջ տանելն է:
«Այս այցելությունը կարելի է համարել երկու երկրների միջև կանոնավոր երկխոսության հերթական կարևոր փուլ: Քննարկվելու է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Ինչ վերաբերում է օրակարգային կարևոր հարցերին, ապա պետք է նշեմ, որ մեր հարաբերություններում ի հայտ է եկել նոր բաղադրիչ: Խոսքը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագրի մասին է, որ նոր հեռանկարներ է բացելու մասնակից երկրների համար առևտրային և ներդրումային ոլորտներում: Ինչպես գիտեք համաձայնագիրը վավերացման փուլում է: Հույս ունեմ, որ մոտ ապագայում իրավական գործընթացը կավարտվի և գործնական արդյունքներն իրենց չեն սպասեցնի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: