Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Հայաստան կատարած այցը աշխարհաքաղաքական ներկա պայմաններում շատ կարևոր է, հատկապես Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների ձևավորման կոնտեքստում։ Ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան՝ խոսում  է երկու երկրների միջև լավ հարաբերությունների մասին և այցերը խթան են հանդիսանում հարաբերությունների ամրապնդման համար: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրումից հետո, փաստորեն, Հայաստանն Իրանի միակ հարևանն է, որն ունի պայմանագրեր և համաձայնագրեր երկու մեծ տնտեսական խմբավորումների հետ։ Բազմիցս նշվել է, որ Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով դուրս գալ դեպի Եվրոպա և, փաստորեն, ԵՄ համաձայնագիրն այդ խոսակցությունները բերում է առարկայական դաշտ: 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիտարկմամբ՝ տնտեսական ոլորտում հայ-իրականական հարաբերություններն այնքան բարձր մակարդակի վրա չեն, որքան քաղաքական հարաբերությունները: Այս առումով՝ շոշափելի առաջընթաց կարելի՞ է սպասել նախարարի այցից հետո, քանի որ վարչապետի հետ ևս հանդիպում եղավ, հարցին ի պատասխան՝ Վարդանյանն ասաց.

«Իհա՛րկե, համամիտ եմ այս տեսակետին։ Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, արդեն պետք է լուրջ քայլեր կատարվեն տնտեսական հարաբերություններն առաջ տանելու ուղղությամբ: Երկու երկրների կողմից էլ կա պատրաստակամություն՝ զարգացնելու հայ-իրանական տնտեսական հարաբերությունները: Կարծում եմ՝ Իրանի ԱԳՆ-ի այցը հենց այդ ուղղությամբ քայլերը կխորացնի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախարարների հանդիպումից հետո ասուլիսի ընթացքում երկու երկրների ԱԳՆ-ներն էլ ասացին, որ քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք պետք է կյանքի կոչել:

Անդրադառնալով իրանցիների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելուն, իրանագետը նկատեց, որ կառուցվել է Մեղրիի ազատ առևտրի գոտին, որը ենթադրում է՝ ներդրումներ կլինեն երկուստեք․ «Տնտեսական հարաբերությունները զարգացնել առանց ներդրումների՝ հնարավոր չէ։ Կարծում եմ՝ հանդիպումների ժամանակ քննարկվել է նաև ներդրումների հարցը, քանի որ Հայաստան են եկել իրանցի գործարարների, ներդրողների մի ամբողջ խումբ, և տեղի է ունեցել բիզնես ֆորումը, որը շատ կարևոր երկու երկրների համար»,- նշեց Վարդանյանը։

Իրանագետը թվարկեց այն ոլորտները, որոնք Հայաստանը կարող է առաջարկել Իրանին համագործակցության համար․ «Առաջինը՝ էներգետիկ զարգացման ոլորտը, որը չափազանց կարևոր և փոխշահավետ է երկու երկրների համար էլ։ Այստեղ հարաբերությունները կարելի է զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ՝ Թուրքմենստան-Իրան-Հայաստան և քառակողմ՝ Թուրքմենստան-Իրան-Հայաստան-Վրաստան ձևաչափերով։ Երկրորդը՝ առևտրաշրջանառության մեծացումը՝ կախված այն փաստի հետ, որ Հայաստանն ունի համապատասխան պայմանագրեր ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ արդեն ԵՄ-ի հետ, ինչն Իրանի պարագայում, պարզապես, մեծ հնարավորություն է, քանի որ Իրանը փնտրում է ԵՄ և ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու ելքեր և դիտարկում է ցանկացած հնարավորություն։ Երրորդ ոլորտը՝ Մեղրիի ազատ առևտրային գոտու արագ գործարկում, որն իրենից ենթադրում է համատեղ ընկերությունների, արտադրանքների հիմնում և, բնականաբար, այդ ամենի սպառումը ԵԱՏՄ և ԵՄ շուկաներում»,- ընդգծեց Վարդանյանը։