Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին եւ Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության անդամներ Իվ Դուտրիոնին եւ Իվ Գունենին, ովքեր մեր երկրում են ԱՄՆ ՄԶԳ գործակալության հրավերով` «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումները եւ ընտրական համակարգի կայացումն ու համապատասխան ինստիտուտների զարգացումը մեր երկրի քաղաքական օրակարգի կարեւոր մասն են:
Ժոնաթան Լաքոտը, կարեւորելով նման ձեւաչափով հանդիպումները, ընդգծել է, որ Հայաստանում գտնվող տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ շահագրգռված են երկկողմ համագործակցությամբ:
Դեբորա Գրիզերը հավաստիացրել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է իրականացվող համատեղ ծրագրերը շարունակելու եւ կյանքի կոչելու:
Խորհրդարանի ղեկավարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում առաջիկայում իրականացվելիք քայլերն ու անհրաժեշտ իրավական կարգավորումների շրջանակը:
Զրուցակիցները կարեւորել են Ազգային ժողովի եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների ակտիվ փոխգործակցությունը, փորձի փոխանակումը: Ազգային ժողովի նախագահը հայտնել է իր պատրաստակամությունը օժանդակել առավել ծավալուն համագործակցության կայացմանը: