«Անցած տարվա հունիս ամսից, երբ Կարեն Ղազարյանն անհետացավ, հաջորդ օրը Ադրբեջանի կողմից ներկայացվեց որպես դիվերսանտ։ Երբ ասում ենք գերի՝ նրան ներկայացնում ենք որպես զինվորական, որն, ըստ էության՝ գերեվարված պետք է լիներ զինված ընդհարման ժամանակ։ Սակայն դա Ադրբեջանի ներկայացրած լեգենդն է, քանի որ Կարեն Ղազարյանն ընդհանրապես զինվորականության հետ կապ չի ունեցել. նա գյուղի բնակիչ է եղել, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանում, էական չէ։ Նույնիսկ եթե սահմանն անցել է անօրինական, որպես քաղաքացիական անձ՝ նրան պետք էր ձերբակալել, այնուհետև հիմքեր ունենալու դեպքում՝ կալանավորել։ Դա նույնն է, երբ անձը անօրինական ցանկանա մուտք գործել այլ երկիր և նրան ձերբակալեն, այդ դեպքում չենք ասում, չէ՞ նրան օդանավակայանում գերի են վերցրել։ Երկու դեպքում էլ քրեական դատավարության կարգը սահմանում է ձերբակալում հասկացությունը, որովհետև խոսքը քաղաքացիական անձանց մասին է՝ ոչ պատերազմական և ոչ զինված ընդհարման իրավիճակում»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում   ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով երեկ՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին հրապարակումներին։

Նա հորդորեց դադարել Կարեն Ղազարյանին որպես գերի ներկայացնելը, քանի որ դա Ադրբեջանի միֆն է․ «Ըստ նրանց՝ Կարեն Ղազարյանը դիվերսանտ է և սահմանն անցել է Գյանջայում ինչ-որ գործողություններ իրականացնելու համար։ Այս ամենն արվում է, որպեսզի նրա վրա չտարածվի մարդու իրավունքները։ Մեր լրատվամիջոցները հաճույքով վերցնում այդ միֆը՝ դնում են շրջանառության մեջ։ Մի՞թե դժվար է պատկերացնել զինված ընդհարման ժամանակ գերի ընկածի և քաղաքացիական անձի ձերբակալման տարբերությունը։ Շարունակ օգտագործվում է Կարեն Ղազարյանի այն լուսանկարը, որն Ադրբեջանն է տարածել՝ անհասկանալի սև հագուստով, գլխարկով, դեմքը՝ ներկված։ Մարդուն ներկայացնում են նեգատիվ լույսի տակ, ինչը ևս Ադրբեջանի տված պասն է»,-նշեց Ղազարյանը։

Նշենք, որ Ադրբեջանում Կարեն Ղազարյանին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։  Այդ թվում՝ սպանություն, ահաբեկչություն, ապօրինի հրազենի կրում, լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում և այլն։

Փաստաբանն  այն կարծիքին է, որ գործը սարքած է, Կարեն Ղազարյանն ընդհանրապես կապ չունի մեղադրանքների հետ։ Դրա նպատակը հակակշիռ ստեղծելն է Քելբաջարի դիվերսանտների գործով․ «Նա սովորական քաղաքացիական անձ է և ինչպես յուրաքանչյուր սահմանին մոտեցողին, նրան ևս առևանգել-տարել են ու «սարքել» դիվերսանտ։ Դա է պատճառը, որ նրան պահում են առանց արտաքին աշխարհի հետ կապի, հատկապես, որ նախաքննություն ավարտվել է, ի՞նչ միտք ունի թույլ չտալ հեռախոսով շփվել ծնողների հետ։ Լեգենդ են սարքել, որը կփլվի, եթե նրան ազատություն տան»,- ասաց Ղազարյանը։

Մեզ հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս նշեց, որ Կարեն Ղազարյանը գերի չէ և ձևակերպումը ճիշտ չէ․ «Կարեն Ղազարյանը զինվորական չէ, ի՞նչ գերի, նա համարվում է քաղաքացիական անձ։ Եթե, օրինակ՝ ինչ-որ վրացի սահմանը հատը, ինքը գերի է դառնո՞ ւմ»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսին Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում։ Նա Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: 

Սոնա Հարությունյան