Իմ դիրքորոշման մեջ ես պատրաստ եմ ցանկացած փոփոխություն անելու, եթե դա մի կողմից կատարելու է հանձնարարականի պահանջները, բայց մյուս կողմից էլ՝ լինելու է ընդառաջ ցանկացած ՊՈԱԿ-ի գործունեության լավացմանը: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մշակույթի փոխնախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե պատրա՞ստ է փոխել իր դիրքորոշումը ՊՈԱԿ-ի լուծարման հարցում:
Հարցին, թե նա կարո՞ղ է հայտարարել, որ այս տարի ոչ մի ՊՈԱԿ, այդ թվում՝ Համազգային թատրոնը, Երգի պետական թատրոնը չեն փակվելու, նրանց չի ասվելու՝ տարածքներն ազատեն, Ղարիբյանը պատասխանեց. «Խնդիրը փակվելը չէ, կարդացեք այդ փաստաթուղթը որևէ տեղ փակվելու մասին խոսք չկա: Հնարավոր է, որ որոշները միավորվեն»:
Դիտարկմանը, որ թատրոնի դեպքում դա կարելի է համարել՝ փակվել, Նազենի Ղարիբյանը չհամաձայնվեց:
Այն հարցին, թե կարո՞ղ է նա կոնկրետ ասել, թե որ թատրոնն է լուծարվելու, Ղարիբյանը նշեց, որ հստակ այդպիսի պատասխան չկա:
Լրագրողի այն հարցին, թե ինչ է կարծում՝ ինքը չպե՞տք է ներողություն խնդրի Սոս Սարգսյանի այրիից, որը վիրավորվել և ասել էր՝ դա անարգանք է իր ամուսնու հիշատակի հանդեպ, Ղարիբյանը պատասխանեց. «Ներողություն խնդրելու կարիք ես չունեմ, որովհետև վիրավորելու որևէ մտադրություն չեմ ունեցել և չեմ գտնում, որ իմ խոսքերում կամ գործողություններում եղել է մի բան, որ կվիրավորեր Սոս Սարգսյանի հիշատակը»: