Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 21-րդ դարում տեղի ունեցող «մշակութային եղեռնին»: Պարբերականը գրել է, որ այսօր մշակութային ամենամեծ աղետը, հավանաբար, ոչ թե տեղի է ունենում Սիրիայում, այլ Կովկասում՝ նկատի ունենալով Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստը:

«Համաձայն Hyperallergic գեղարվեստական ամսագրի փետրվարի համարում զետեղված հաշվետվության, Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում պարբերաբար ջնջում է երկրից հայկական պատմական ժառանգությունը: Զեկույցի հեղինակներ Սիմոն Մաղաքյանի և Սարա Փիքման կարծիքով՝ այս պաշտոնական, սակայն և քողարկված, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացումը գերազանցում է անգամ Պալմիրայում «Իսլամական պետության» «ինքնագովազդին»,- գրում է The Guardian-ը:  

Պարբերականը հիշեցնում է, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Հյուսիսային Իրանի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանը նկարահանել էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում այն ամենն, ինչ մնացել էր Ջուլֆայում առկա շուրջ 10000 խաչքարերից:

«Զինվորականներն ավերված կտորները բեռնել էին բեռնատարի մեջ, ապա նետել Արաքս գետը: Այդ կադրերը կարելի է գտնել 2006թ. «Արաքսի նոր արցունքները» ֆիլմում, որը հրապարակվել է YouTube-ում: Ադրբեջանի կառավարությունը մեկ անգամ չէ, որ մերժել է միջազգային փորձագետներին մուտք գործել այդ տարածք, նաև չի տվել որևիցե մեկնաբանություն: Նրանք մերժել են նաև հայերին, ովքեր երբևէ ապրել են Նախիջևանում»,- հավելում է պարբերականն՝ ընգծելով, որ նման հակազդեցությունը բարդացնում է անկախ հետազոտությունը, սակայն Մաղաքյանն ու Փիքմանն, իրենց ներկայացրած մեծ քանակությամբ փաստերով, արդեն ահռելի աշխատանք են կատարում: