Իրանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրանում «Արարատ» մարզամշակութային միությունում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառներին, և նշել որ համաձայնեցված չի եղել և անընդունելի ձևակերպում է: Նկատենք, որ հայտարարությունը հետևել է այն բանին, երբ այդ պաստառը շահարկվեց Իրանի ադրբեջանցիների շրջանակներում և արժանացավ քննադատությունների․ «Ինչպես շարունակաբար հայտարարել եմ, Իրանի դիրքորոշումն իր հարևանների հանդեպ հստակ է և հարևանները մեր արտաքին քաղաքականությունում մեր առաջնահերթությունն են»,- ասված էր Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմի հայտարարության մեջ։ 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իրանագետ Արմեն Իսրայելյանը նշեց, որ Իրանի ԱԳՆ-ի կողմից չկար որևէ խնդրահարույց հարց վարչապետ Փաշինյանի՝ հայ համայնքին հանդիպելու հետ կապված, սակայն քննադատական դիրքորոշումը՝ «Արցախը Հայաստան է և վերջ» պաստառի վերաբերյալ ամբողջովին օբյեկտիվ գնահատական է․

«Ես չեմ կարծում՝ դրա հետ խնդիր կարող է առաջանալ։ Ավելի շատ ուղղված է Իրանի թյուրքախոս որոշ շրջանակների, որոնք առիթից օգտվելով փորձեցին և՛ այս գրությունը, և՛ վարչապետի հանդիպումն իրանահայ համայնքի հետ օգտագործելով իրենց բողոքն արտահայտել։ Վերջիններս, ի դեպ, բացահայտ հակաիրանական գործունեությամբ են զբաղվում»,- ասաց Իսրայելյանը։

Իրանագետը նկատեց նաև, որ Իրանի մտավորականների և փորձագիտական շրջանակները՝ օբյեկտիվ գնահատելով իրավիճակը, գտնում են, որ հայերի կողմից այդպիսի գրությամբ պաստառները պատասխանն են, օրինակ, Իրանում՝ Խոջալուի դեպքերի վերաբերյալ ցուցահանդես կազմակերպելուն։

«Հետևաբար, ինչպես վկայում է ԱԳՆ գնահատականը, ընդհանուր ձևակերպում է տրվել, բայց իրանցի փորձագիտական շրջանակները, որոնք ավելի ադեկվատ են, իրենց իշխանությունների համար են խնդիրը բարձրաձայնում։ Անգամ այդտեղ քննադատական երանգ կար, որ չպետք է նմանատիպ տարատեսակ խմբավորումների թույլատրել՝ Խոջալուի հարցերը Իրանի հասարակության մեջ քննարկել, քանի որ դրան հետևելու է հայերի պատասխանը»։

Ինչ վերաբերում է Իրանում Ադրբեջանի դեսպանատան կողմից Խոջալուի դեպքերի մասին Թեհրանում ցուցահանդես կազմակերպելուն, Իսրայելյանը նկատեց, որ դա Իրանի կողմից կազմակերպված չէ և նման ցուցադրություններ, կոնֆերանսներ և համաժողովներ կազմակերպվում են նաև հայերի կողմից, պարզապես դա չի բարձրաձայնվում․ «Պաստառը իրանահայ համայնքին պատկանող կազմակերպության մեջ է փակցված է եղել և չեմ կարող ասել՝ իրավական առումով թույլատրվում է, թե՝ ոչ։ Սակայն, Իրանի դիրքորոշումը միանշանակ է։ Իրանի հոգևոր առաջնորդն էլ հայտարարել է Իրանի դիրքորոշումն Արցախի վերաբերյալ։ Շատ հարցերում Իրանը հայամետ գործողություն է իրականցում, գուցե՝ ոչ բացահայտ, քանի որ միակողմանի, բացահայտ աջակուցություն չի էլ կարող հայտնել»։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ