Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով` կանանց բացթողումներն ավելի ուժեղ են քննադատության արժանանում, քան տղամարդկանց նմանատիպ վրիպումները: Այս մասին Մակունցն ասաց մարտի 8-ին կայացած «Հավասար հնարավորությունների տոնավաճառ» խորագրով միջոցառման ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում:
«Մենք առաջին հերթին կանանց դերը վերաիմաստավորելու խնդիր ունենք: Պահպանողական հասարակություններում կանանց համար բավականին բարդ է տարբեր տիրույթներում իրացնել իրենց ներուժը, հատկապես, եթե դա վերաբերում է հանրային գործունեությանը: Այն, ինչ նույնիսկ չի նկատվում տղամարդկանց պարագայում, կանանց դեպքում մի փոքր անգամ վրիպումն արժանանում է մեծ քննադատությունների ու պարսավանքի: Այնպես որ, մեզանից ակնկալում են, որ մենք լինենք կատարյալ»,- ասաց Մակունցը
«Հավասար հնարավորությունների տոնավաճառ» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպվել է «Եվրոպացի երիտասարդ դեսպաններ» նախաձեռնության կողմից: Նախաձեռնության անդամ Անդրանիկ Շիրինյանը նշեց, որ միջոցառմանը կին պատգամավորների մասնակցությունը հատուկ նպատակ ունի:
«Քանի որ առաջ կանայք շատ քիչ են մասնակցել որոշումներ կայացնելու գործընթացներին, որոշեցինք նաև հրավիրել կին պատգամավորների, ցույց տալու համար, որ թեև քիչ, բայց կանայք ևս այսօր արդեն մասնակցում են որոշումներ կայացնելու գործընթացին»,- նշեց Անդրանիկ Շիրինյանը:
Միջոցառման ընթացքում բանախոսներն ու ներկաները քննարկեցին Հայաստանում կանացն վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: