ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է առաջարկություն Երևան քաղաքի փոքր կենտրոնում Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու վերաբերյալ:
Հարցը քննարկման կդրվի Երևանի ավագանու մարտի 19-ին կայանալիք նիստում:
2019 թ. նշվում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հիմնադրման 70-ամյակը: Այս հոբելյանը տեսանելի և հիշարժան դարձնելու համար ԵԽ քարտուղարությունն առաջարկների ծրագիր է մշակել՝ կառույցը տեղակայած Ստրասբուրգ քաղաքում և ԵԽ անդամ երկրներում համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար: Այդ նպատակով ԵԽ նախարարների կոմիտեի 2018 թ. հունիսի 20-ի նիստին մասնավորապես առաջարկվել է անդամ պետություններում կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որևէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ:
Մարտի 26-28-ը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցը Հայաստան, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել հրապարակի բացման արարողությունը: