«Հոլանդիայից տարբեր մասնագետներ ենք հրավիրել՝ լանդշաֆտային դիզայներներ ու ճարտարապետներ։ Միջազգային և մեր փորձագետների հետ փորձում ենք քաղաքի այս հատվածը բարեկարգել։ Եթե երևանցիները օգտվեին այգիներից, այս ամենը չէր լինի։ Մարդիկ առանց թույլտվության աշխատել են, սակայն մենք իրավական երկիր ենք ուզում կառուցել, ուստի պետք է դրանք հեռացվեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժմանը։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ նշեց, որ մոտակա օրերին տարածքը կանաչապատվելու է․ «Հավանաբար, մինչև մյուս տարի տարածքում կանցկացվի բաց մրցույթ և կորոշվի այստեղի ճարտարապետական դիմագիծը»,- նշեց նա։
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանն ասաց, որ սրճարանների տնօրենները փոխհատուցում չեն ստանա։
«Ես կողմ եմ, որ Օպերայի հարակից տարածքը դառնա պուրակ, բայց եթե քանդվում են, պետք է քանդվեն բոլոր սրճարանները, ես կողմնապահություն եմ տեսնում։ Հարցս ուղղում եմ քաղաքապետին. Սամվել Ալեքսանյանի սրճարանը ինչո՞ւ չի քանդվում»,- ասաց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը։
Նշենք, որ այսօր Օպերայի տարածքում գործող 5 սրճարանի ծանուցագիր է ուղարկվել, որ դրանք ապամոնտաժվելու են։
Սոնա Հարությունյան