ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018թ.-ի զեկույցը, որում ներկայացվում է ՀՀ կառավարման համակարգը, դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցել են հիմնարար ազատությունների ու հանրային լայն վստահության պայմաններում ու պետք է ամրապնդվեն հետագա ընտրական բարեփոխումների միջոցով։

Նշվում է, որ մարդու իրավունքների խնդիրները ներառում էին խոշտանգում, խիստ և կյանքին սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանք ու կալանավորում, լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնություն, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատության ֆիզիկական միջամտություն, քաղաքական մասնակցության սահմանափակումներ, համակարգային պետական կոռուպցիա, ԼԳԲՏԻ անձանց ուղղված բռնություն կամ սպառնալիքներ, անմարդկային վերաբերմունք հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ երեխաների նկատմամբ  արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևեր:

Զեկույցում նշվում է, որ ՀԿ-ները մտահոգություն են հայտնել, որ կառավարությունը անհապաղ և ճշգրիտ չի հայտնում բանակում մահվան դեպքերի մասին ու ասվում է, որ ըստ Վանաձորի Հելսինկիի գրասենյակի բանակում առաջին կիսամյակում ոչ մարտական պայմաններում մահերը  եղել են 24, իսկ ՊՆ տեղեկություններով՝ 31։

Ղարաբաղի հետ կապված ասվում է, որ «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների տարածքները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակում է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգային միջնորդության առարկա՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ: Շփման գծի վրա բռնությունները շարունակվել են, չնայած  հոկտեմբերից ավելի քիչ, երբ տեղի  ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Դուշանբեում: Նշենք, որ զեկույցի այս հատվածը նույնությամբ առկա է նաև 2017թ.-ի զեկույցում։

Ասվում է, որ 2016թ.-ի ապրիլին ռազմական գործողությունների բռնկումից հետո հակամարտող կողմերը բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝  մեղադրելով միմյանց այդ ժամանակ կատարված վայրագությունների համար։ Այս գործերը ՄԻԵԴ-ում են:

Դատական համակարգի հետ կապած նշվում է, որ թեև քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել դատարաններ՝ վերականգնելու իրենց պատճառված վնասը, սակայն դատարանները մեծապես ընկալվում են կոռումպացված։

Արտահայտման ազատություն՝ ներառյալ մամուլի ազատությունը բաժնում նշվում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մամուլի միջավայրն ավելի ազատ է, շատ լրատվականներ սկսել են ազատվել ինքնագրաքննությունից, սակայն որոշները դեռևս ձեռնպահ են մնում նոր կառավարությանը քննադատելուց՝ «հակահեղափոխական» չդիտվելու համար։